Վարչապետ Փաշինյանը կատարեց իր ընտրությունը

Երևանի Շենգավիթի շրջանի թիվ 8/16 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով քվեարկելուց անմիջապես հետո մեկնելու է ԱՄՆ։ ՀՀ վարչապետը ընտրատեղամաս էր եկել դստեր հետ և ժպտալով՝ քվեաթերթիկը գցեց քվեատուփը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի թիմը ներկայացնում է «Իմ քայլը» դաշինքը, որի ցուցակում ներկայացված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բազմաթիվ անդամներ, ինչպես նաև հեղափոխությանն ակտիվ մասնակցած քաղաքացիներ։

Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասաց, որ մարդիկ պետք է սովորեն իրական քարոզարշավի ու իրական ընտրություններին, և բոլոր ուժերը հասկանում են, որ պետք է պայքարեն ամեն քվեի համար և իշխանությունը պետք է վերցնեն։

«Մենք նույնպես հասկանում ենք, որ պետք է ամեն ձայնի համար պայքարել։ Եվ ցանկացած ժողովրդավարական երկրում ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվում, և սրանից հետո ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվելու, որովհետև ընտրությունները լինելու են իրական»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընտրություններին չի հետևելու, քանի որ լինելու է օդանավում, սակայն ասաց, որ դժգոհ լինելու պատճառներ չունի։ Վարչապետը շտապում էր մեկնել Նյու Յորք։

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի, ասաց, որ Նյու Յորքից չունի՝ Հայաստանից են ակնկալիքները, Երևանից են։

Անդրադառնալով երեկ ԲՀԿ շտաբում ոստիկանությության կատարած խուզարկումներին՝ վարչապետն ասաց.«Կարծում եմ՝ ոստիկանության գործողությունները եղել են հիմնավորված, օրենքով սահմանված կարգով»:

Այս թեմայով