Վարչապետ Փաշինյանը «բացեց» նախկինում չորս անգամ «բացված» գործարանը

Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտաշատի «Արտֆուդ» պահածոների գործարան։ 

«Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանն իրականացնում է տնօրենների խորհրդի կողմից հաստատված սարքավորումների և գործարանի ենթակառուցվածքի արդիականացման լայնամասշտաբ ծրագիր:

Այստեղ այսօր տեղի ունեցավ նոր արտադրամասի բացումը։ Ընկերության ղեկավարության խոսքով՝ այս տարի «Արտֆուդ» ընկերությունը արդիականացման համար ներդրել է 3.5 միլիոն դոլար։ Շահագործման է հանձնվել լոլիկի վերամշակման համար նախատեսված Իտալական առաջատար Cavalieri սարքավորումը։

Այս տեխնոլոգիան եզակի և արտոնագրված է և համարվում է իր տեսակի մեջ միակ հոսքագիծը ԵԱՏՄ-ում։ Գործարանի արդիականացումը նպաստում է գործարանի ավտոմատացմանը, արտադրանքի ծավալի և տեսականու մեծացմանը, ինչպես նաև արտադրանքի որակի բարձրացմանը։

Այսօր ավելի վաղ վարչապետն Արտաշատում հանդիպել էր մարզի համայնքների ղեկավարների հետ։ Վարչապետին ուղեկցում են գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն ու Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ, կարճ ժամանակ, չէր գործում այս գործարանը և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ջանքերով գործարանը ամբողջապես վերազինվեց ու վերագործարկվեց 2017 թվականի դեկտեմբերի 15-ին (այս մասին հրապարակումը տես այստեղ): Կարեն Կարապետյանի կառավարության օրոք  «Ավիլոն» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանի նախաձեռնությամբ հայաստանյան «Էմ Բի Կապիտալ» ընկերությունը ձեռք էր բերել «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանի բաժնետոմսերի 75 տոկոսը։

Արտադրության արդիականացման համար ներդնելով շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար՝ «Էմ Բի Կապիտալը» կրկնակի ավելացրեց արտադրության ծավալները՝ ընդլայնելով իրացման աշխարհագրությունն ու ամրապնդվելով առկա շուկաներում։ Գործարանի վերազինման արդյունքում բացվել էր 100 աշխատատեղ:

Այս գործարանը, որպես իր կառավարության կամ իշխանության ներդրումային հաջողություն ներկայացրել ու բացել են վարչապետներ Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ այսօր հերթական անգամ գործարանը բացեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս թեմայով