Home » Real Politik » Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Իրանի նախագահի առաջին տեղակալի հետ հանդիպման մասին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Իրանի նախագահի առաջին տեղակալի հետ հանդիպման մասին

հովիկՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությունը: Հովիկ Աբրահամյանի և Էսհաղ Ջահանգիրիի առանձնազրույցից հետո կայացել է պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Այնուհետև ՀՀ վարչապետը և ԻԻՀ առաջին փոխնախագահը ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և հանդես եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Ստորև ներկայացվում է հայտարարությունների տեքստն ամբողջությամբ.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյան - Քիչ առաջ ավարտվեց Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ, հարգարժան պարոն Ջահանգիրիի և իր պատվիրակության հետ հանդիպումը, որը անցավ շատ ջերմ և բարեկամական մթնոլորտում:
Թե´ առանձնազրույցի և թե´ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ մենք վերահաստատեցինք մեր պատրաստակամությունը՝ ընդլայնելու և նոր թափ հաղորդելու հայ-իրանական համագործակցությանը, որը հիմնված է երկու ժողովուրդների միջև խոր արմատներ ունեցող բարեկամության վրա և ընթանում է փոխադարձ վստահության մթնոլորտում: Մենք ամփոփեցինք ուղիղ մեկ տարի առաջ Իրան կատարած իմ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև քննարկեցինք ապագա ծրագրերի վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:
Եվս մեկ անգամ գոհունակություն հայտնեցինք Իրանի միջուկային ծրագրերի շուրջ կայացած բանակցությունների դրական արդյունքների և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ՝ վստահություն հայտնելով, որ դրանք կծառայեն ի շահ տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայուն զարգացման, ինչպես նաև նոր հնարավորություններ կբացեն Իրանի հետ թե´ երկկողմ, թե´ բազմակողմ ձևաչափերով համագործակցության համար:
Բանակցությունների ընթացքում քննարկված հարցերը, մասնավորապես, վերաբերում էին առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, էներգետիկայի ոլորտի ծրագրերին, տրանսպորտային ենթակառուցվածքներին, գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին, ինչպես նաև հումանիտար ոլորտի՝ կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցերին:
Մանրամասն անդրադարձանք Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքներին: Հաշվի առնելով նշված ծրագրի կարևորությունը՝ ուրախությամբ փաստեցինք, որ կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են՝ համոզմունք հայտնելով, որ դրանք կընթանան և կավարտվեն համաձայն սահմանված ժամանակացույցի՝ 2018 թվականին: Միևնույն ժամանակ հստակեցրինք Մեղրի ՀԷԿ-ի կառուցման հետ կապված հետագա անելիքները և Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի ընթացքը:
Անդրադարձանք նաև ճանապարհային ենթակառուցվածքների ծրագրերին, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին և Հայաստան-Իրան երկաթգծի նախագծին՝ երկուստեք կարևորելով դրանց առանցքային դերը տարածաշրջանային փոխգործակցության բարելավման և միջանցքի երկայնքով տնտեսական աճի ապահովման հարցում:
Գոհունակություն հայտնեցինք գյուղատնտեության ոլորտում իրականացվող ծրագրերից, որոնք շատ հաճախ ընթանում են ինչպես միջպետական, այնպես էլ միջմարզային մակարդակներում: Երկուստեք կարևորվեց նաև մշակույթի ոլորտում իրականացվող համագործակցությունը և պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման կարևոր խնդիրը:
Հատուկ ընդգծվեց հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և կանոնավոր հանդիպումների անհրաժեշտությունը, որը երկու երկրների առևտրատնտեսական հարաբերու-թյունների փոխշահավետ զարգացման լավագույն միջոցն է:
Շոշափեցինք նաև ԵԱՏՄ-Իրան հարաբերութուններին առնչվող հարցերը: Հայաստանի Հանրապետության կառավարության անունից պատրաստակամություն հայտնեցի աջակցելու ԵԱՏՄ-Իրան երկխոսության ձևավորմանը և համագործակցության խորացմանը, մասնավորապես, ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի նախապատրաստվող համաձայնագրի կնքման համատեքստում:
Ամփոփելով խոսքս՝ կարող եմ նշել, որ բանակցություններն ընթացան բարեկամ երկրներին բնորոշ ջերմ և կառուցողական մթնոլորտում: Շնորհակալություն»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրի - Ուրախ եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները զարգացման ուղիով են անցնում: Իմ և ինձ ուղեկցող պատվիրակության և Հայաստանի Հանրապետության պատվիրակության հանդիպման ընթացքում քննարկվել են ամենատարբեր բնագավառներում հարաբերությունների զարգացմանը վերաբերող խնդիրներ:
Պաշտոնական փոխադարձ այցելությունները շարունակվում են, և ոչ մի սահմանափակում չկա երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: «5+1» բանակցությունների շրջանակում Իրանի ձեռք բերած հաջողությունները նոր և դրական պայմաններ են ստեղծում հարաբերությունների զարգացման համար և նոր բնագավառներ բացում նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման համար:
Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության ծրագիրը, որը որոշ ժամանակահատվածի ընթացքում ուներ դժվարություններ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի Իրան պաշտոնական այցելության ընթացքում և մեր բանակցությունների շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների և գործադրած ջանքերի արդյունքում, վերսկսվել է, և համոզված ենք, որ կարճ ժամանակահատվածում կկարողանանք շինարարական աշխատանքները կհասցնենք ավարտին: Կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու երկրների էներգետիկայի նախարարների և հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահների՝ պարոն Չիթչիանի և պարոն Զախարյանի ջանքերի համար: Ճանապարհային, տրանսպորտի, երկաթգծի և փոխադրումների հետ կապված մենք լավ քննարկումներ ենք ունեցել և համոզված ենք, որ տարածաշրջանային մյուս երկրների հետ համագործակցության շրջանակում կկարողանանք Պարսից ծոցը կապել Սև ծովին: Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար պարոն Ախունդին ինձ ուղեկցում է այս այցելության ընթացքում, և հուսով ենք, որ նա լուրջ քննարկումներ կունենա իր գործընկերոջ հետ:
Հայաստանի միանալը ԵԱՏՄ-ին նոր պատուհան է բացում երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Ազատ տնտեսական գոտիների առկայությունը երկու երկրներում և հատկապես ազատ տնտեսական գոտու գոյությունը ևս դրական պայմաններ է ստեղծում երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Միաժամանակ նաև որոշեցինք անհրաժեշտ քայլեր իրականացնել մաքսային մեկ պատուհանի մեխանիզմի կիրառման համար՝ սահմանային Նորդուս կետում իրագործել մեկ մաքսային պատուհանի մեխանիզմը:
Վաղը Երևանում և որոշ կարճ ժամանակ հետո նաև Թեհրանում տեղի կունենա երկու երկրների գործարար համաժողովը, որը մեծ խթան կհանդիսանա երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Սա կարող է նաև կարևորություն ունենալ երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Մեր պատվիրակության կազմում են նաև Իրանի նախագահի տեղակալ և տուրիզմի կազմակերպության ղեկավարը, ով կկարողանա նաև իր գործընկերների հետ հանդիպումների ընթացքում հստակեցնել մշակութային համագործակցության և տուրիզմի բնագավառում հարաբերությունների զարգացման քայլերը: Շնորհակալություն»:

Դիտվել է 23 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy