Վարչապետը «Բուրգեր Քինգ»-ի դեպքով խիստ հանձնարարական տվեց

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ տեխնիկական անվտանգության պահանջների պահպանմանը:

«Երեք օր առաջ Երևանի կենտրոնում տեղակայաված հանրային սննդի օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժեց ութ մարդ, դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, ինչպես նաև գործադիր մարմիններն, ըստ ցուցումների, կատարում են անհրաժեշտ աշխատանքները», — ասաց վարչապետը:
Նա նշեց, որ նշված դեպքը հրդեհային ու տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների նկատմամբ պետական հսկողության խստացման հիմք է հանդիսանում:
Վարչապետը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարեց երկուամսյա ժամկետում ձեռնարկել միջոցառումներ արտադրական վտանգավոր օբյեկտների, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտների սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային ու տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման, ինչպես նաև թերությունների հայտնաբերման ուղղությամբ:
Կարեն Կարապետյանը հանձնարարեց խախտումների արձանագրման դեպքերում սահմանել սեղմ ժամկետներ խնդիրները վերացնելու, իսկ դրանք չկատարելու դեպքում կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ:
«Համապատասխան կազմակերպություններում աշխատանքի անվտանգության ապահովման հարցերում ներգրավել նաև առողջապահական տեսչական մարմիններին», — ասաց նա:
Վարչապետ գործարար միջավայրի ներկայացուցիչներին առաջարկեց սպասարկման ու ծառայությունների մատուցման ոլորտում գործող կազմակերպությունների ղեկավարներին սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև համագործակցելով ԱԻՆ-ի հետ, միջոցներ ձեռնարկել հնարավոր խնդիրների վերհանման ու վերացման ուղղությամբ` բարձրացնելով համապատասխան օբյեկտների տեխնիկական անվտանգության պայմանները:
Կ. Կարապետյանը ԱԻ ու Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարներին հանձնարարեց երկուամսյա ժամկետում մշակել ու կառավարություն ներկայացնել տեխնիկական անվտանգության ոլորտում հսկողական մեխանիզմների կատարելագործման, ոչ ամբողջական օրենսդրական կարգավորումների հստակեցման, ԵՏՄ շրջանակներում ընդունված տեխնիկական կանոնակարգերի ներդրման, ինչպես նաև գործնականում առկա այլ խնդիրների վերացման ուղղված առաջարկություններ:
«Պարոն Տոնոյան, ուշադիր կլինեք, որ այս հանձնարարականի հետևանքով չունենանք ադմինիստրատիվ պրոբլեմներ ու լիազորությունների ոչ ճիշտ ընկալում ու կիրառում», — դիմելով Աի նախարար Դավիթ Տոնոյանին` ասաց վարչապետը:

 

 

 


Այս թեմայով