Վարչապետը աջակցու՞մ է դասադուլավորներին. ո՞վ է կանգնած «Վիգենի չեզոքացում» օպերացիայի հետևում

Շատերի համար անսպասելի ԵՊՀ ուսանողները երեկ դուրս եկան փողոց և դեմ արտահայտվեցին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ԱԺ բերված տարկետման իրավունքի սահմանափակման օրենքին: Առաջին անգամ ԵՊՀ հարյուրավոր ուսանողներ դասադուլի դուրս եկան ու պահանջ ներկայացրեցին կրթության և պաշտպանության նախարարներին ընդունել իրենց ու պատասխանել իրենց մտահոգող հարցերին:

Վերջին տարիներին սա առաջին դեպքն է , երբ ԵՊՀ ուսանողների նման զանգված  քաղաքական ակտիվություն է ցուցաբերում: Ավելին, դասադուլին կողմնակից է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ Գևորգ Մելքոնյանը, որը 2013 թվականին իր և ախալքալաքցիների ԵՊՀ զորքի ուժերով պայքարում էր նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ դասադուլավոր ուսանողների դեմ: Ավելին Գևորգ Մելքոնյանի անմիջական «հրամանատարության» տակ գտնվող ախալքալաքցիների զորքը ամենավերջին բառերով էր խոսում դասադուլավորների մասին:

Իրականում որոշ շրջանակներ փորձում են օգտագործել մի շարք արդարամիտ ուսանողների ջանքերը՝  իրենց քաղաքական նպատակների համար:  Ավելին Politik.am-ին տեղեկություններ հասան, որ դասադուլի մարդաշատությունը ապահովել են ԵՊՀ ուսխորհրդի այն ներկայացուցիչները, որոնք մոտ են իշխանությունների հետ: Հակառակ դեպքում դժվար է պատկերացնել, թե իշխանություններին մոտ կանգնած ու իշխանական կերակրամանից օգտվող Գևորգ Մելքոնյանը ինչու է աջակցում այս պրոցեսին:

Այն, որ այս պրոցեսի նպատակը Վիգեն Սարգսյան քաղաքական գործչին ոչնչացնելն է, կարծես թե կասկածի տեղիք չի տալիս: Սա է գալիս ապացուցելու նաև ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա նշում է.«Ցավալի է, բայց այսօր «Հանուն գիտության զարգացման» խմբի կողմից մեր հրավերը անտեսվեց: Կրկնակի անհասկանալի է, որ նրանք պահանջում էին ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի հետ հանդիպում, սակայն հանդիպման հրավերից հրաժարվեցին: Չնայած այն հանգամանքին, որ այլ ԲՈւՀ-երի ուսխորհուրդներից հրավիրվել էին երկու ներկայացուցիչներ, իսկ իրենց խմբից համաձայնեցինք ընդունել չորս ներկայացուցիչի, նրանք միևնույնն է երկար մտածելուց հետո, հրաժարվեցին»,-նշում է Հովհաննիսյանը: Սակայն այս դեպքում այլ հարց է առաջ գալիս՝ իշխանական թևերից ում է ձեռնտու Վիգեն Սարգսյան գործչի չեզոքացումը:

Վիգեն Սարգսյանը՝ նախագահ Սերժ Սարգսյանի ամենավստահելի անձանցից մեկն է, եթե չասենք ամենավստահելի անձը: Ու չպետք է մոռանալ, որ երբ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց, նրան որպես փոխարինող ամենաակտիվը հիշատակվում էր հենց Վիգեն Սարգսյանի անունը:

Չպետք է մոռանալ նաև, որ Սերժ Սարգսանը հրապարակային խոստացել է, որ չի ցանկանում դառնալ երկրի վարչապետ: Եվ եթե 2018-ին Կարեն Կարապետյանը պետք է վարչապետի պաշտոնը զիջի Սերժ Սարգսյանի թիմին ու եթե նախագահը պահի իր հրապարակային տված խոստումը, ապա հասկանալի է, որ այդ դեպքում Սերժ Սարգսյանի վարչապետի թեկնածուն կլինի հենց Վիգեն Սարգսյանը:

Այս ամենից ելնելով կարելի է եզրակացնել, որ նախարար Վիգեն Սարգսյանի քաղաքական չեզոքացման առաջին շահառուն  գործող վարչապետ Կարեն Կարապետյան է: Իհարկե չի բացառվում նաև, որ այս ամենի հետևում կանգնած լինի  նախագահ Սերժ Սարգսյանի թիմի մեկ այլ անդամ, որը Վիգեն Սարգսյանի առկայության պարագայում մնացել է ստվերում ու թիմի ղեկավարի համար երկրորդ սիրելին է՝ Վիգեն Սարգսյանից հետո:

Ահա թե ինչպես է այսօր դասադուլին աջակցող ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ Գևորգ Մելքոնյանը 2013-ին պայքարում դասադուլավորների դեմ: Նա այն ժամանակ վստահ էր, որ դասերի ժամին դասադուլ պետք չի իրականացնել:

 


Այս թեմայով