Վարչական դատարանի նման ծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում. վարչապետ

Վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկումն ի տարբերության դատական կարգով բողոքարկումից իրականացվում է առանց որևէ վճարների և անհամեմատ ավելի կարճ ժամանակահատվածում։ Սակայն, ինչպես գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ վարչական ակտերը մեծամասամբ բողոքարկվում են ոչ թե վարչական այլ դատական կարգով:

Վարչապետը նշեց, որ խնդիրը հատկապես պայմանավորված է վարչական կարգով բողոքարկումների դեպքերում՝ կայացված որոշումների հիմնականում անբավարար պատճառաբանվածության, բողոքարկման քննության ամբողջականության ապահովման գործնական բացերով։

«Միաժամանակ վարչական կարգով մերժված բողոքները հաճախ բավարարվում են դատական քննության արդյունքում։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ վարչական դատարանում 2017 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ քննության փուլում է գտնվում շուրջ 9200 գործ։ 2017 թվականի նոյեմբերին վարչական դատարան հանձնված գործերով առաջին դատական նիստի օր նշանակվում է ըստ էության 2018 թվականի հունվար ամսին, իսկ Վերաքննիչ վարչական դատարան հանձնված գործերով դատաքննություն է նշանակվում 2019 թվականին։ Վարչական դատարանի նման ծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում մարդկանց արդար դատաքննության իրավունքի մատչելիության, ինչպես նաև գործարար միջավայրի պաշտպանվածության տեսանկյունից»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը Արդարադատության, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Գյուղատնտեսության նախարարներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին, Ոստիկանության պետին հանձնարարեց և Երևանի քաղաքապետին առաջարկեց 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել վարչական ակտերի՝ վարչական կարգով բողոքարկումների որակի, պատճառաբանվածության, արդյունավետության և թափանցիկության բարձրացմանն ուղղված առաջարկություններ:

 


Այս թեմայով