Վարդևան Գրիգորյանը Գյումրու քաղաքապետարան կմտնի կամ որպես քաղաքապետ, կամ չի մտնի

Naira-ZohrabyanԲՀԿ կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գյումրիում շրջանառվող այն խոսակցություններին, թե ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանն առաջադրվել է, որպեսզի որոշակի ձայներ հավաքելով հետագայում համագործակցի Սամվել Բալասանյանի հետ, զբաղեցնի ասենք փոխքաղաքապետի պաշտոնն, ասաց. «Թե իշխանական թեկնածուի, թե մնացած տարբեր մանր-մունր խուրդա թեկնածուների կողմից համառորեն փորձում են շրջանառության մեջ դնել տեսակետը, թե «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուն առաջադրվել է իշխանության թեկնածուի՝ գործող քաղաքապետի հետ հետագայում համագործակցելու համար: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Վարդևան Գրիգորյանը Գյումրու քաղաքապետարան կմտնի կամ որպես քաղաքապետ կամ չի մտնի: Ես հասկանում եմ նաև այն աժիոտաժը, որն առաջացրել է պարոն Գրիգորյանի առաջադրումը Գյումրիում, որովհետև իրենք հասկանում են, թե ինչ լուրջ մրցակցի հետ են գործ ունենալու: Եվ քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ փորձում են տարատեսակ ապատեղեկատվություններով ու լուրերով փորձել մթնոլորտ փոխել քաղաքում, չի ստացվելու… Ի վերջո, եթե գործող քաղաքապետն ասում է, որ ինքը հինգ հազար տոկոս ռեյտինգ ունի, չգիտեմ այնտեղ վարկաբեկված կուսակցությունների թեկնածուները հայտարարում են, որ մենք ենք միակ փրկիչը քաղաքի, ուրեմն փրկիչներով գնացեք ձեր ձայները հավաքեք: Նորից եմ կրկնում, ցանկացած անպարկեշտ քարոզարշավ, ցանկացած ոչ ազնիվ քարոզարշավ արժանանալու է կրկնապատիկ հարվածի, մենք որևէ մեկին չենք պատրաստվում կպնել, բայց եթե մեկը փորձեց մանիպուլյացիաներով, կեղտոտ քարոզարշավ իրականացնել մեր դեմ, տասնապատիկ հարվածը ստանալու են: Ի վերջո բոլորի իրական արժեքն էլ, կշիռն էլ գյումրեցին գիտի, մենք գնում ենք ազնիվ, արդար մրցապայքարի, մենք գնում ենք Գյումրու մթնոլորտ փոխելու, մեր թեկնածուն գնում է միմիայն՝ ունենալով ամենաբարձրագույն նշաձողը. դառնալ Գյումրու քաղաքապետ և մեր համախոհների հետ միասին փորձենք քաղաքը նախ առողջացնել, հետո նոր զարգացման ծրագիր ներդնել: Եվ բոլոր նրանք, ովքեր կփորձեն այս ընթացքում տարատեսակ լուրեր տարածելով Գյումրիում, իրենց կարծիքով վնասել մեր թեկնածուին, տասնապատիկ, շատ ավելի պատասխան կստանան, որովհետև նորից եմ կրկնում, բոլորի իրական կշիռն ու արժեքը գյումրեցին գիտի»: Հարցին, թե ՀՀԿ-ի «դաբրոն» պատկանում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին, այս մասին շեշտել է թե ՀՀԿ-ն, թե գործող քաղաքապետը, արդյոք առանց դաբրոյի մյուս թեկնածուները հնարավորություններ կունենան, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Ինչքան շատ Սամվել Բալասանյանը հայտարարի, որ ինքը ունի գործող իշխանության «դաբրոն», այնքան դա գործելու է ի վնաս իրեն: Ամեն օր թող հայտարարի, մենք էլ ամեն տեղ կօգնենք պարոն Բալասանյանին՝ հայտարարելով, որ պարոն Բալասանյանն ունի իշխանության դաբրոն: Կրկնում եմ՝ ինչքան հայտարարեց, այնքան իր համար ավելի վատ է լինելու, մենք էլ կողքից այդ հարցում պատրաստ ենք օգնելու պարոն Բալասանյանին, ամեն օր հայտարարելու, որ ինքն ունի իշխանության դաբրոն, հետո արդյունքները կտեսնենք: Այսօր ընտրապայքարին հայտ ներկայացրած բոլոր բևեռներից փորձում են հարվածել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որովհետև արդեն հայտնի պոտենցիալ թեկնածուներն էլ հասկանում են, թե ով է լինելու իրենց հիմնական մրցակիցը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Դիտվել է 298 անգամ
 


Այս թեմայով