Վարդավառին որոշ երիտասարդների լկտի պահվածքը պետք է սանձել

Վարդավառի օրը ականատես եղա մի միջադեպի, որի տեսանյութը այսօր հայտնվեց համացանցում, սակայն ի զարմանս ինձ, բոլորովին այլ կոնտեքստով ներկայացված: Ապշել կարելի է ուղղակի, թե ինչպես են երբեմն լրատվականներն աղավաղում իրականությունը:
Դեպքը կապված էր մի աղջկան ջրելու միջադեպի հետ, ում՝ իրեն չջրելու խնդրանքը անտեսել էին որոշ երիտասարդներ, ովքեր աչքի էին ընկնում լկտի պահվածքով: Աղջիկը մասնակցելու էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, և դա էր պատճառը, որ խնդրում էր չջրել իրեն:
Չնայած այն հանգամանքին, որ տարածքում կային բազմաթիվ տղամարդիկ, դեպքին միջամտեց միայն նույն միջացառմանը հրավիրված ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և հորդորեց երիտասարդներին հարգել աղջկա պահանջը, ասելով. «Տղաներ ջան, դուք Վարդավառի խորհուրդը սխալ ենք ընկալում, գիտե՞ք սա ինչ տոն է առհասարակ», ինչին էլ ի պատասխան երիտասարդներից մեկը ասաց. «Հա, էս փոքր զատիկն ա» և շարունակեց վիրավորական արտահայտություններ հնչեցնել Զոհրաբյանի հասցեին:
Կարծում եմ երիտասարդի պատասխանից արդեն իսկ ակնհայտ էր նրա կրթական ցածր ցենզն ու դաստիարակության մակարդակը: Ինչևէ, բազմաթիվ տղամարդկանցից ավելի «տղամարդ» գտնված Զոհրաբյանն այս դեպքում ճիշտ դրսևորեց իրեն, երբ վիճաբանությունն հարթելու և երիտասարդներին սաստելու համար մոտեցած ոստիկաններին թույլ տվեց կրքերը հանդարտեցնել, ինչից հետո ամեն ինչ ավարտվեց Զոհրաբյանից ներողություններ խնդրելով:
Սակայն որոշ ֆեյսբուքյան էջեր և անհայտ լրատվականներ, ողջ իրականությունը խեղաթյուրելով, փորձում են այս ամենից «օգուտներ քաղել» և այն ներկայացնում են այնպես, իբր Նաիրա Զոհրաբյանն է քաշքշում երիտասարդներին: Անգամ տեսանյութում չի երևում հստակ, թե ինչ է կատարվում այնտեղ: Թե ինչպես է ոմանց երևակայությունը թույլ տալիս նման անհեթեթ մեկնաբանություններ ներկայացնել, անհասկանալի է, սակայն փաստը մեկն է, որ իմ այս խոսքերը կհաստատեն բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ականատեսն են եղել այդ միջադեպին, իսկ լրատվականների՝ նմանօրինակ ապատեղեկատվություն տարածելու գործընթացը երբեք չի տա ցանկալի արդյունք, որովհետև իրականությունը պարզելը նման դեպքերում րոպեների հարց է:

Գրում է Հասմիկ Վարդանյանը։

Այս թեմայով