Վարդան Հարությունյանը խաբել է բոլորին. ՊԵԿ աշխատակից

Մեկ տարի առաջ, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը ՊԵԿ նախագահ նշանակեց այն ժամանակ դեռ «Գազպրոմ-Արմենիայի» տնօրեն Վարդան Հարությունյանին, իշխանական բոլոր լրատվամիջոցները սկսեցին գրել, թե ահա եկել է ՊԵԿ բարեփոխիչը: Սկզբում հանրության որոշակի հատված անկեղծորեն հավատացել էր, որ Վարդան Հարությունյանը եկել է բարեփխումներ անելու:

Մեկ տարի է անցել նրա նշանակումից, սակայն ՊԵԿ համակարգում որևէ դրական տեղաշարժ չի եղել: ՊԵԿ հայտարարում է, որ հարկային մուտքերն են ավելացել պետական բյուջե, սակայն դա ավելի շուտ հարկային տեռորի արդյունք է և ոչ թե լավ աշխատանքի:

ՊԵԿ աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ Politik.am-ի հետ զրույցում դժգոհելով իր ղեկավարի աշխատանքից հայտարարեց, որ Վարդան Հարությունյանին հաջողվել է խաբել բոլորին. «Վարդան Հարությունյանը հայտարարում է, որ կարգավորել է կարգոների աշխատանքը և շատերը հավատում են այս ստին, սակայն իրականության մեջ նա մի քանի մարդկանց ձեռքից աշխատանքը խլել է ու տվել իր ընկերոջը՝ ստեղծելով մեկ ընկերություն: Այդ ընկերությունը շարունակում է աշխատել այնպես ինչպես նախկինում: Վարդան Հարությունյանը խաբել է բոլորին, երբ հայտարարել է, թե փոփոխություններ է բերել մեր համակարգ: ՊԵԿ-ում Հարությունյանի գալուց հետո առավել ծիծաղելի վիճակում են հայտնվել հարկային մարմինների սովորական աշխատակիցները: Ինչ է նշանակում ամեն ամիս զանգել տնտեսվարողներին և խնդրել, որ կանխավճարով հարկեր մուծեն, որպեսզի ՊԵԿ նախագահը գլուխ գովի, թե գերակատարել է իր վրա դրված պլանը»,-ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ ՊԵԿ-ում սպասում են, թե երբ կազատվեն Վարդան Հարությունյանից:

 


Այս թեմայով