Վաշինգտոնն ու Մոսկվան դեմ չեն ՀՀԿ-ին, իսկ ժողովուրդը կմերժի՞ ՀՀԿ-ի իշխանությունը

Թվում է, թե Հայաստանի ներքաղաքական ամենադժվարին խնդիրը լուծվել է՝ վարչապետ Սերժ Սարգսյանը ժողովրդական ճնշման ներքո հրաժարական տվեց: Հասարակությունը ցնծության մեջ է, սակայն մոռանում է, որ նոր Սահմանադրության պայմաններում միայն Սերժ Սարգսյանի հրաժարականը բավարար չէ հաղթանակ արձանագրելու համար: Այո՛, շատ կարևոր էր Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց քանի դեռ իշխանությունից հեռացված չէ ՀՀԿ-ն, որի ղեկավարն է նույն Սերժ Սարգսյանը ուրեմն նա դեռ շարունակում է իշխանությունը իր ձեռքում պահել:

Այս պահին շատ կարևոր է, թե ով կլինի հաջորդ վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է լինի ժողովրդի թեկնածուն, իսկ գործող Սահմանադրությունը ՀՀԿ-ին թույլ է տալիս առաջադրել և ընտրել իր սեփական թեկնածուին:

ՀՀԿ թեկնածուն ամենայն հավանականությամբ կլինի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: ՀՀԿ-ն այս պահին ունի շանս իր իշխանությունը պահպանելու և եթե Փաշինյանին չհաջողվի ժողովրդական խաղաղ ընդվզման ալիքը պահել, ապա դժբար կլինի պատկերացնել, որ ՀՀԿ պատգամավորները կքվեարկեն ընդդիմադիր թեկնածուի օգտին:

Պետք է նկատել, որ այս պահին Կարեն Կարապետյանի օգտին են նաև գերտերությունների տրամադրություները: ԱՄՆ պետդեպը հայտարարություն է տարածել, որից հասկանալի է դառնում, որ նրանք կաշխատեն սահմանդրական ճանապարհով ընտրված կառավարության հետ, այսինքն մեծամասնության քվեն ստացած կառավարության հետ.«Մենք ակնկալում ենք, որ նրա հետնորդը կհայտարարվի ժողովրդավարական գործընթացի արդյունքում, որը օրենքներին ու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համաձայն է »,-ասվում է ԱՄՆ պետդեպի հայտարարությունում:

Գրեթե նույնաբովանդակ հայտարարություն է արել ՌԴ վարչապետ Մեդվեդևը՝ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ հեռախոսազրույցում, ընդգծելով սահմանադրական, իրավական դաշտում իրավիճակի պահպանման կարևորությունը:

Այսպիսով կարծես իշխանությունները կարծես կարողացել են համոզել միջազգային հանրությանը, որ Սերժ Սարգսյանի հեռացումից հետո պահպանվի ՀՀԿ իշխանությունը: Մնում է տեսնել կհամոզվի արդյոք Հայաստանի ժողովուրդը, որ ՀՀԿ-ն պետք է մնա իշխանության գլուխ:

Այս թեմայով