Վանեցյանը Ցյուրիխում հանդիպել է Ինֆանտինոյի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Արթուր Վանեցյանը և առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հրավերով մեկնել էին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք։

Երեկ կայացել է ՖԻՖԱ-ի նախագահի և ՀՖՖ ղեկավար կազմի հանդիպումը, որի ընթացքում Արթուր Վանեցյանը և Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել են առաջիկա տարիներին Հայաստանում ֆուտբոլի զարգացման հեռանկարները: Մասնավորապես, ներկայացվել են մասսայական ֆուտբոլի խթանման նպատակով մարզային ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև մանկապատանեկան ֆուտբոլում իրականացվելիք ծրագրերը:

ՀՖՖ-ի կողմից ներկայացված ծրագրերն արժանացել են բարձր գնահատականի, և ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն հայտարարել է, որ իրականություն դառնալու դեպքում դրանք կարող են օրինակելի դառնալ նաև այլ երկրների համար, ասված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդագրությունում:

Վանեցյանը Ինֆանտինոյին հրավիրել է Հայաստան: Նախնական պահմանավորվածության համաձայն՝ ՖԻՖԱ-ի նախագահի այցը Հայաստան տեղի կունենա 2019 թվականին:

Այս թեմայով