Վախճանվել է Ժակ Հակոբյան

13083193_1015650535187628_3486828484278164571_nՀայաստանի պետական ֆիլհարմոնիան խոր վշտով տեղեկացնում է, որ մայիսի 1-ին, 72 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայպետֆիլհարմոնիայի փոխտնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգիծաբանների համահայկական միության նախագահ, ՀՀ նկարիչների միության պատվավոր անդամ Ժակ Նիկոլի Հակոբյանը: Նա 1971-1977թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո աշխատել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում՝ որպես կոմերիտիկական կազմակերպության առաջին քարտուղար: 1987 թ. դարձել է Մշակույթի հայկական ֆոնդի փոխնախագահ: 2004թ. ընդունվել է աշխատանքի ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտում` որպես բաժնի վարիչ, իսկ 2005թ. հունիսին նույն ինստիտուտում՝ որպես փոխտնօրեն: 2007թ. աշխատել է «Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամ»-ում՝ որպես տնօրեն: 2010 թ. նշանակվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրեն: Հանդիսանում է Հայաստանի երգիծաբանների միության խորհրդի նախագահ: Արվեստի և գրականության սիրահար Ժակ Հակոբյանը երբեմն իր խոհերը հանձնել է թղթին` ոտանավորների և երգիծանքի տեսքով: Հրատարակել է 5 երգիծական գիրք` «Ծիծաղի պարտեզ», «Սրամտում է Հայկական ռադիոն», «Հումորի և երգիծանքի 19 ակնթարթ», «Էս շան տղեն գիժ ա» և «Ապրենք ժպտալով»: 2009թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

2010թ. ՀՀ Նախագահի հրամանագրով արժանացել է «ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ» կոչմանը: Բանաստեղծ, երգիծաբան, լրագրող Ալբերտ Փարսադանյանը Ժակ Հակոբյանի մասին մի առիթով ասել էր. «Դեմքին մշտական ծիծաղ, աչքերին ժպիտ, մարդամոտ և մարդասեր` Ժակ Հակոբյան, իսկ հանրապետության և ողջ հայության «Գլխավոր Ոզնի» Արամայիս Սահակյանն ավելացրել էր. «Աշխույժ, արագաշարժ, արագամիտ, հնարամիտ, կամեցող և ջերմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ժակ Հակոբյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 3-ին, ժամը` 18.00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ մայիսի 4-ին, ժամը` 14.00-ին , Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում (Հասցե` Աբովյան 2), հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ):

Դիտվել է 218 անգամ
 


Այս թեմայով