Վազգենը մոռացավ ամենագլխավորի մասին

վազգեն1999 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ստանձնելով ՀՀ վարչապետի պաշտոնը՝ Վազգեն Սարգսյանը թերեւս առաջին անգամ ողջ խորությամբ ընկալեց, թե որոնք են երկրի զարգացման հիմնական խոչընդոտները` կոռուպցիա, մենաշնորհներ եւ չափից ավելի մեծ կախվածություն Ռուսաստանից: Վազգեն Սարգսյանը` որպես ավանդապես Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունեցող գործիչ եւ ռուսական սպառազինությունից կախված բանակի ղեկավար, չէր կարող չգիտակցել հայ-ռուսական հարաբերությունների կարեւորությունը, բայց վարչապետի պաշտոնում ընկալեց, որ չհավասարակշռված որեւէ հարաբերություն չի կարող արդյունավետ համարվել:

Եւ ահա, վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո նա հիշարժան պաշտոնական այց կատարեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ բարձր մակարդակով հանդիպումներ ունեցավ` արժանանալով ընդհուպ փոխնախագահ Ալ Գորի ընդունելությանը: Վազգեն Սարգսյանից հետո նման մակարդակի ընդունելության Հայաստանցի ոչ մի պաշտոնյա չի ունեցել ԱՄՆ-ում. սա պայմանավորված էր թերեւս նրանով, որ ամերիկացիները հասկանում էին, որ գործ ունեն վարչապետի հետ, ով վարչապետ է բառիս ամենաիսկական իմաստով, ով տիրապետում է ոչ միայն վարչական լծակների եւ բանակին,  այլ նաեւ առանց որեւէ այլեւայլության ստացել է ժողովրդի վստահության քվեն:

Հաջորդ հիշարժան քայլը, որ արեց Վազգեն Սարգսյանը՝ բենզինի եւ դիզվառելիքի շուկան կարգավորելն էր: 1996 թվականին ՆԳ եւ ԱԱ նախարարի պաշտոնը ստանձնելով՝ մինչեւ 1999 թվականը Սերժ Սարգսյանը հասցրել էր բենզինի եւ դիզվառելիքի շուկան դնել մերձավոր օլիգարխների հսկողության տակ, եւ Վազգեն Սարգսյանը որոշեց այս հարցը լուծել ոչ միանշանակ մի որոշմամբ: Նա մտադիր էր բենզինի եւ դիզվառելիքի ներկրումը դարձնել պետական մենաշնորհ: Դժվար է ասել, թե ինչպիսի արդյունքներ կտար այս որոշումը իրականություն դառնալու պարագայում, բայց Վազգենը որոշումն արդեն կայացրել էր, ինչը նշանակում էր, որ Սերժ Սարգսյանի մերձավորներն այլեւս չեն տիրապետելու այդ հարյուր տոկոսանոց եկամտաբեր շուկային: Հասկանալի է, իհարկե, որ խոսքը չէր կարող վերաբերվել միայն բենզինին, եւ մյուս շուկաները նույնպես Վազգենը մտադիր էր կենտրոնացնել պետության ձեռքում` այն կանխավարկածով, որ այդ ոլորտների գերշահույթները ստանան ոչ թե օլիգարխները, այլ պետությունը: Սա, իհարկե, համարվում է մի փոքր սոցիալիստական մոտեցում, բայց մի մեթոդ է, որ ժամանակակից աշխարհում կիրառվում է: Որտեղ եւ ինչ արդյունավետությամբ՝ էական չէ: Բայց թվում է՝ Վազգենի խնդիրը ոչ թե պետական մենաշնորհ ստեղծելն էր, այլ օլիգարխիայի գոյացումը թույլ չտալը, ինչը հետահայաց թվում է առաջադիմական քայլ, որովհետեւ, ի վերջո, օլիգարխիայի ձեռքից վերցվող շուկաները հետագայում կարելի կլիներ ազատականացնել՝ ժամանակակից, քաղաքակիրթ մեթոդներով:

Վերը նշված քայլերը, սակայն, պատճառված էին կոնկրետ իրադարձություններով. վարչապետի պաշտոնը ստանձնելով` Վազգեն Սարգսյանն արձանագրել էր, որ պետական գանձարանը գրեթե դատարկ է: Հաջորդ քայլով նա, ըստ էության, վերջնագիր էր ներկայացրել երկրի մեծահարուստ խավին, այդ թվում՝ իր շրջապատին, արագ եւ անհետաձգելի կերպով պետական գանձարան վճարել բոլոր այն հարկերը, որ վճարված չեն` հակառակ դեպքում սպառնալով բոլորին կալանավորել: Ականատեսները պատմում են, որ այդ օրերին հայտնի գործարարները մեքենաների բեռնախցիկներով էին գումարներ տեղափոխում պետական գանձարան վճարելու համար: Վազգենը հասկանում էր, սակայն, որ պրոբլեմը համակարգային է, եւ բագաժնիկով պետական գանձարան լցնելու մեթոդը չի կարող երկար աշխատել:

Վազգեն Սարգսյանն ու նրա կառավարությունը, ինչ խոսք, իդեալական չէին: Ոմանք նույնիսկ, ոչ առանց հիմքի, կառավարման նրա մեթոդները համարում էին չափազանց կոշտ, երբեմն՝ անհուսալիորեն հնացած: Մի բան, սակայն, ակնհայտ է` 1999 թվականին ժողովուրդը ոգեւորված, լիաթոք վստահության քվե տվեց Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան քաղաքական տանդեմին, ինչը նշանակում է՝ սկսեց հավատալ իր ապագային: Վազգեն Սարգսյանը, վարչապետ դառնալով, բազմաթիվ հարցերի կարգավորմամբ սկսեց զբաղվել` մոռանալով թերեւս ամենագլխավորը՝ իր եւ Կարեն Դեմիրճյանի անվտանգությունը: Մի՞թե նրա հույսը այն էր, որ դա Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի աշխատանքային պարտականությունն է:

Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը

Դիտվել է 54 անգամ
 


Այս թեմայով