Ս.Օհանյան. Զինված ուժերի համալրումը հանդիսանում է պաշտպանական համակարգի կարեւորագույն խնդիրներից մեկը

231636811384609157Նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին 2013 թվականի ամառային զորակոչի արդյունքները և քննարկվեցին ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր:

Խորհրդակցությանը, որը վարում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնակցում էին պետական պաշտոնյաներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինկոմներն ու զինկոմիսարիատների համապատասխան բաժանմունքների աշխատակիցներ, բուժհանձնաժողովների անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ:

Բացելով խորհրդակցությունը՝ Սեյրան Օհանյանը կարևորեց միջոցառման անհրաժեշտությունը, նշելով, որ զինված ուժերի համալրումը հանդիսանում է պաշտպանական համակարգի կարևորագույն խնդիրներից մեկը։ Նախարարը գոհունակությամբ փաստեց, որ վերջին տարիներին զորակոչի գործընթացում ներգրավված կառույցների համատեղ իրականացված աշխատանքի արդյունքում զորակոչի կազմակերպումը դրվել է որակապես նոր՝ առավել թափանցիկ հիմքերի վրա։

Հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Անդրադառնալով 2013 թ. ամառային զորակոչի արդյունքներին և ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքներին, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն առանձնացրեց զորակոչի թե դրական դրսևորումները, թե արձանագրված որոշակի բացթողումները: Փաստելով, որ նախորդ զորակոչի ընթացքում առաջադրված խնդիրները կատարվել են, Յու. Խաչատուրովը ներկայացրեց վիճակագրական որոշ տվյալներ, անդրադարձավ զինկոմիսարիատների ու բուժհանձնաժողովների կողմից կատարված աշխատանքներին:

Ընդհանուր առմամբ` նիստի ընթացքում քննարկվեցին երիտասարդների կցագրմանը և հաշվառմանը, բուժհետազոտությանը, զորակոչից խուսափողների նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, հանրակրթական հաստատություններում ֆիզիկական պատրաստություն առարկայի դերի բարձրացման անհրաժեշտությանը, ինչպես նաև զորակոչային գործընթացի թափանցիկությանն ու արդարության սկզբունքի պահպանմանն առնչվող մի շարք հարցեր:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները և շնորհակալություն հայտնելով ներկաներին կատարված համատեղ աշխատանքի համար` Սեյրան Օհանյանը համոզմունք հայտնեց, որ զորակոչի անցկացման համար պատասխանատու բոլոր օղակների սերտ համագործակցության արդյունքում հերթական զորակոչի աշխատանքները կիրականացվեն առավել արդյունավետ և բարձր մակարդակով: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորակոչի հստակ կազմակերպման և անցկացման առումով տվեց նաև որոշ ցուցումներ, որոնց ուղղությամբ պետք է համապատասխան աշխատանքներ տարվեն:

Խորհրդակցության ավարտին ամառային զորակոչն արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու, այդ գործընթացին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար զինկոմիսարիատների, բուժհանձնաժողովների, պատասխանատու այլ կառույցների մի շարք ներկայացուցիչներ և զինծառայողներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:

Դիտվել է 38 անգամ
 


Այս թեմայով