Ս. Սարգսյանի խոսնակ լինելը բավականին տխուր աշխատանք է

Ս. Սարգսյանի խոսնակ լինելը բավականին տխուր աշխատանք էԻշխանության ներսում ինչ-որ լուրջ գործընթացներ են ընթանում:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անցած շաբաթ օրը անսպասելի կադրային փոփոխություններ տեղի ունեցան նախագահական նստավայրում: Իր զբաղեցրած պաշտոնից ազատվեց Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը, իսկ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց Վլադիմիր Հակոբյանը: Հատկապես ուշագրավ է Սերժ Սարգսյանի նոր մամուլի քարտուղարի ընտրության հարցը: Բանն այն է, որ Վլադիմիր Հակոբյանի աշխատանքային կարիերան սկսվել և մինչև նոր պաշտոնի նշանակումը շարունակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության համակարգում: Նա կոչումով մայոր է:

Պաշտոնական կենսագրության մեջ նշվում է, որ մինչ այս զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության բաժանմունքի պետի պաշտոնը, իսկ կոնկրետ զբաղմունքի և դրա մամուլի հետ առնչության մասին ոչինչ չի ասվում:

Սակայն վերջին տարում Վլադիմիր Հակոբյանի անունը մամուլում հաճախակի է հիշատակվում որպես լրագրողներին հավաքագրել փորձող ԱԱԾ աշխատակցի: Այսինքն՝ եթե մինչ այս նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էին լրատվության աշխարհի ներկայացուցիչները, քանի որ նրանց հիմնական աշխատանքը ի պաշտոնե լրագրողների հետ շփումն է, այս անգամ լրատվական դաշտի վերահսկողությամբ զբաղված անձն է խոսնակ դարձել: Կասկածից վեր է, որ իշխանության ներսում ինչ-որ լուրջ գործընթացներ են ընթանում, և այս նշանակումը դրանց դրսևորումներից է: Իսկ թե կոնկրետ ինչ է թաքնված այս ամենի թիկունքում, առաջիկայում պարզ կդառնա:

Հ.Գ. Արման Սաղաթելյանն իր աշխատանքի ազատման վերաբերյալ երեկ «Ժողովուրդ»-ին նույնպես ասաց, թե աշխատանքի հրավեր է ստացել և ցանկություն ունի տեղափոխվել մասնավոր հատված՝ զբաղվելու գործարար նախագծերով և ավելացնելու ոչինչ չունի:

Հավելենք, որ իրականում Ս. Սարգսյանի խոսնակ լինելը բավականին տխուր աշխատանք է, քանի որ նա իր նշանակման օրվանից խոսնակներին միայն մեկ պահանջ է ներկայացրել՝ չխոսել, չշփվել մամուլի հետ: Միայն իր հրահանգով կոնկրետ ասելիքի դեպքում են մինչ այս Ս. Սարգսյանի խոսնակները խոսել, այն էլ բացառապես ընտանեկան լրատվամիջոցների հետ: Իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակը հաճախ անգամ անձամբ էր ասուլիսներ տալիս ու պատասխանում բոլոր լրագրողների հարցերին»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 141 անգամ
 


Այս թեմայով