Ստիպել Փաշինյանին ասել ճշմարտությունը

«Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով օրերս հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիա՝ Հալեպ»,-Ֆեյսբուքում գրել էր Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Հայաստանի կողմից Սիրիա զորք ուղարկելու հանգամանքը բազմաթիվ անհանգստությունների առիթ է տալիս։ Առաջին հերթին, իհարկե, աշխարհաքաղաքական այս կոնֆլիկտին Ռուսաստանի ենթակայությամբ  մասնակցելն է, որը կարող է իր բացասական հետևանքները բերել։ Վիճելի է նաև այս որոշման օրինականությունը։ Մինչ այս պահը դեռևս հայտնի չէ, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչ պայմանավորվածության արդյուքնում է նման որոշում կայացրել, և որ ամենակարևորն է՝ ում հետ է նա նման պայմանավորվածության եկել։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ նման որոշում է կայացվել սիրիական կողմի գրավոր խնդրանքների հիման վրա, իսկ ահա վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «5-րդ ալիք»-ի հետ զրույցում հայտարարել է, որ որոշումը կայացվել է բանավոր պայմանավորվածության հիման վրա․«Այս պահին դեռ չենք հրապարակել, քանի որ դա բանավոր մակարդակում է եղել»,-պնդել է Կարապետյանը։

Նոր իշխանությունները խախտել են նաև ներքին ընթացակարգերը։ Չկա կառավարության որոշում, չկա ԱԺ-ով հաստատված համաձայնագիր, ըստ որի՝ ՊՆ-ն կարող էր զորք ուղարկել ՀՀ սահմաններից դուրս։ Ու ստացվում է, որ Սիրիա զորք ուղարկելը անօրինական որոշում է, ու դեռ հայտնի էլ չէ, թե ով է պաշտոնապես նման որոշում կայացրել։

Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է ի վերջո ստիպեն Փաշինյանի կառավարությանը ներկայացնել տրամաբանական և հիմնավորված բացատրությունները, թե ինչու՞ է հայկական զորքը մեկնել Սիրիա, ի՞նչ խնդիր է կատարելու, և, ի վերջո, ո՞ր երկրի դրոշի ներքո է հայկական զորքը ծառայություն իրականացնելու։

Այս թեմայով