Ստեփանավանի սոցապի աշխատակիցները 587.4 մլն դրամի վնաս են հասցրել պետությանը

Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում թույլ տրված չարաշահումների գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 25 անձ. նախնական տվյալներով ՝ պետությանը պատճառված վնասը գնահատվել է 587.4 մլն դրամ կամ $1,2 մլն հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Ներգրավված մեղադրյալներից 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախնական քննության տվյալներով՝ գործակալությունում չարաշահումները կրել են տևական բնույթ՝ 2013 թվականից մինչև 2018 թվականի հունիս ամիսը. գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ են մուտքագրվել տարբեր անձանց սոցիալապես անապահովության վերաբերյալ, նրանց անունները ներառվել նպաստառուների ցուցակում, ձևակերպվել ապօրինի նպաստներ, իսկ փոխանցված գումարը՝ յուրացվել:

Գործակալության աշխատակիցները, նշված առերևույթ հափշտակությունները կատարելիս, առանձին դեպքերում գործակցել են նաև «Հայփոստ» ՓԲ ընկերության՝ տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունքների աշխատակիցների հետ:

Քրեական գործով բավարար տվյալներ են ձեռք բերվել 25 անձի առնչության վերաբերյալ, որոնց մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնցից 6-ը սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցներ են, իսկ 19-ը՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության:

Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ա. Ղարաքեշիշյանի, ինչպես նաև առաջին կարգի մասնագետի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հոկտեմբերի 5-ի դրությամբ ՝ նշված գործի շրջանակներում մեղադրյալների կողմից վերականգնվել է 27.5 մլն դրամ: Ա. Ղարաքեշիշյանի և գործակալության աշխատակից հանդիսացող մյուս մեղադրյալների գույքի նկատմամբ արգելանք է դրվել՝ պետությանը պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս թեմայով