Ստամբուլի հայաբնակ Քընալը կղզում հայ երեխայի առևանգման փորձ է կատարվել

Ստամբուլի Քընալը կղզում հայ երեխայի առևանգման փորձ է իրականացվել, որը խուճապի պատճառ է դարձել հայաշատ կղզում, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»։

Նշվում է, որ երեխային փորձել են առևանգել տեղի եկեղեցում գործող երաժշտական խմբակի դասին գնալու ճանապարհին։ Երեխան պատմել է, որ անծանոթ երեք անձինք նրան են մոտեցել ու փորձել տանել իրենց հետ, ասելով. «Արի քեզ կոնֆետ տանք, քեզ վանք տանենք։ Եթե մեզ հետ չգաս՝ կառևանգենք քեզ»։

Երեխան հասցրել է տեղի ունեցածի մասին տեղյակ պահել մայրիկին՝ ձեռքի վրա եղած խելացի ժամացույցի միջոցով։

«Մամա, ինձ հիմա առևանգում են, ճիշտ եմ ասում, օգնեք, հեռախոսս անջատում են», — երեխայի ահաբեկված զանգն է հիշում մայրը։

Երեխան ավելի ուշ կարողացել է դուրս պրծնել հանցագործների ձեռքից ու տուն վազել։

Պարբերականը նկատում է, որ երեխային առևանգել փորձած խւմբը դեռ ազատության մեջ է, իսկ միջադեպը մեծ խուճապ է առաջացրել տեղի հայ համայնքում։ Երեխայի ծնողները պահանջել են, որպեսզի կղզում խստացվեն անվտանգության նորմերը։

Այս թեմայով