Սպառնալիքներ լրագրողի հասցեին

լրագրողԵրեկ առավոտյան ԵՊՀ կադրերի բաժնից զանգահարել են մեր թղթակցին, ով ուսանում է այս բուհում եւ շտապ հրավիրել գլխավոր մասնաշենք, այսպես կոչված Զինկոմի բաժին՝ ասելով, որ իրեն ցանկանում են տեսնել զինծառայության հետ կապված հարցերով: Բուհում լրագրողին ուղեկցել են մի սենյակ, որտեղ երկու հոգի նրան են սպասելիս եղել, թողել են այս երկուսի հետ միայնակ եւ դուռը փակել: Ու այստեղ սկսվել է կինոն: Երկու անհայտ անձինք մեր թղթակցին սկսել են հարցաքննել, իսկ երբ նա պահանջել է ներկայանալ, մեկն ասել է. «Հ1»-ի կադրերի բաժնի պետն եմ, Արթուր Գեւորգյան»: «Հ1»-ի մամուլի խոսնակ Աննա Ավանեսյանը երեկ մեր հարցին ի պատասխան ասաց, որ կադրերի բաժնում միայն կանայք են աշխատում եւ նման անունով մարդ գոյություն չունի: Եւ ուրեմն, ովքե՞ր էին այս երկուսը, որ ԵՊՀ աշխատակազմին կարողացել էին ստիպել այդպես հապշտապ կանչել ուսանողին, իրենց առանձին սենյակ տրամադրել եւ մոտ 40 րոպե չանհանգստացնել: Լրագրողը, բնականաբար, սենյակից դուրս գալով, այս հարցը տվել է, ինչին ԵՊՀ-ում պատասխանել են, թե նրանք ասել են, որ «վայենկոմատից» են: Ստացվում է՝ ցանկացած ոք կարող է գնալ մայր բուհ, ներկայանալ ինչ-որ տեղից եւ ուսանողներից ցանկացածի հետ «օպերացիա» իրականացնել: Թե իրականում ովքեր են այս մարդիկ եւ ինչ էին ցանկանում «ՀԺ»-ի լրագրողից, պարզ է դառնում նրանց խոսակցության մանրամասներից, տված հարցերից, առաջարկներից (տես էջ՝ 2), որոնց հետեւում ցցված են Ֆելիքս Էդմոնդովիչի երկար ականջները: Ակնհայտ է, որ Հայաստանի ԱԱԾ-ն պարզապես փորձել է հավաքագրել մեր թղթակցին: Եթե այդպես չէ՝ սա թող համարեն հաղորդում հանցագործության մասին եւ պարզեն, թե այդ ովքեր էին, որ սպառնում էին լրագրողին:

Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը

 

Դիտվել է 23 անգամ
 


Այս թեմայով