Սպանված զինվորի հոր վիշտն են օգտագործում

լյուքս«Ժամանակ» օրաթերթը իր այսօրվա համարում գրել էր, որ  Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանը խնդիրներ է ստեղծում 2013թ. զորամասերից մեկում ծառայակցի կողմից սպանված Լյուքս Ստեփանյանի ընտանիքի համար.«Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի ՀՀԿ– ական գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը և վերջինիս եղբայրները, ովքեր տարբեր պաշտոններ են զբաղեցնում համայնքում, լուրջ խնդիրներ են ստեղծում 2013թ. զորամասերից մեկում ծառայակցի կողմից սպանված Լյուքս Ստեփանյանի ընտանիքի համար, որն ապրում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում։ Գյուղապետն անգամ ամեն տարի գրպանում է Հաղթանակի օրը ընտանիքին տրամադրվող դրամական օգնության զգալի մասը։ Ինչպես մեզ ասաց սպանված զինվորի հայրը՝ Իշխան Ստեփանյանը, վրեժ են լուծում»,–գրել էր թերթը:

Այս խնդրի վերաբերյալ մենք զրուցեցինք Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանի հետ: Պարոն Ղուկասյանը մեզ հետ զրույցում  հավաստիացրեց, որ որևէ խնդիր իր համագյուղացիների համար և մասնավորապես Լյուքս Ստեփանյանի ընտանիքի անդամների համար չի ստեղծել.«Որ զանգել եք՝ ձեզ եղելությունը ներկայացնեմ: Ուրեմն Մայիսի 9-ի տոնական միջոցառումների համար համայնքի ավագանին որոշել է Հայրենական պատերազմի, Արցախյան ազատամարտի վետերանների համար տոնական ճաշ մատուցել: Ըստ ավագանու որոշման գյուղի բյուջեից հատկացվել է 500 հազար դրամ, որից 300 հազարը ծախսվել է միջոցառման կազմակերպման համար, իսկ 200 հազարը բաժանվել է պատերազմի մասնակիցներին՝ նրանց թվում,  10 000  դրամ Լյուքս Ստեփանյանի հոր համար է նախատեսվել, սակայն ինքը չի մասնակցել միջոցառմանը և չի վերձրել իր գումարը»,-ասաց համայնքապետը՝ ավելացնելով, որ Իշխան Ստեփանյանին հատկացվելիք գումարը մինչև այսօր դեռ պահում է:

«Ես հասկանում եմ մարդուն, ինքը որդի է կորցրել: Իր համար ամեն ինչ արվում է, բայց մարդը որդու սպանութունից հետո գլուխը կորցրել է՝ ինչ անեմ ես: Ես իր հետ թշնամություն չունեմ և չեմ էլ ունենալու: Ինձ համար թշնամի են նրանք, ովքեր օգտագործելով, այս մարդու վիշտը փորձում են քաղաքական երանգ հաղորդել՝ ասելով, որ ես ՀՀԿ-ական եմ: Ովքեր խորհուրդ են տալիս նրան նման հայտարարություններ անել՝ նրանք են իմ թշնամիները: Այո ես ՀՀԿ անդամ եմ: Ես 20 տարի է այս գյուղի ղեկավարն եմ և Հայաստանում չեք գտնի մեր գյուղի նման ծաղկող գյուղ: Գյուղը լուսավորված է, ասֆալտապատ: Մեր գյուղը 5000 բնակչություն ունի և արդեն նմանվում է քաղաքի»,-ասաց Ռուբիկ Ղուկասյանը:

Դիտվել է 696 անգամ
 


Այս թեմայով