Սպանություն, թե՞ ինքնասպանություն. նախընտրական Գյումրի

14441183_1369255303104365_4537146556325063950_nՍեպտեմբերի 19-ին aravot.am կայքը տեղադրում է «Քաղաքական խայթոց Գյումրիում՝ ցուցապաստառի տեսքով» վերնագրով տեղեկատվություն: Ըստ այդմ ցուցապաստառի վրա պատկերված են նարդու զառեր, որոնց տակ գրված է՝ հաջողության բանաձևը:

Հոդվածում մասնավորապես նշվում է. «Գյումրեցիների ենթադրմամբ, սա արել են ԲՀԿ թեկնածու Վարդեւան Գրիգորյանի քաղաքական հակառակորդները. բանն այն է, որ ԲՀԿ թեկնածուն իր քարոզարշավի ընթացքում հաճախակի է խոսում հաջողությունների գրավականների իր փորձից: Նրա քաղաքական հակառակորդներն էլ բավական մեծ գումար են ծախսել՝ նրան անցյալի դրվագներից ինչ-որ բան հիշեցնելով»:Սեպտեմբերի 20-ին՝ կեսօրի մոտ, տեղեկատվություն է տարածվում ԶԼՄ-ներում, որ «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխել Գյումրու ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի կրտսեր որդուն՝ Արշակ Գրիգորյանին: Վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքների պատճառով մահացած է եղել:

Տեղեկատվության հրապարակայնացումից հետո ՀՀ ոստիկանությունից շտապեցին լրատվամիջոցներին տեղեկացնել, որ Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերվել է իրենց տան նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Հայտնաբերվել է նաև ատրճանակ։ Ավելին, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Սակայն դրան զուգահեռ ոստիկանությանը մոտ կանգնած shamshyan.com կայքը դեպքի վերաբերյալ տալիս է հետեւյալ տեղեկատվությունը. «Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Վ. Գրիգորյանի մահացած տղային՝ Արշակին, ով բնակվում էր Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան 1-ին թաղամասի 44Ա տանը, գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով մահացած վիճակում հիվանդանոց են տեղափոխել Գյումրիում հայտնի «Պալիգոններ» թաղամասից»։
Ըստ վերոհիշյալ տեղեկատվության՝ սպանված Արշակ Գրիգորյանի տունը գտնվում է Վազգեն Սարգսյան 1 հասցեում, սակայն նրան հիվանդանոց են տեղափոխել «Պալիգոններ» կոչվող թաղամասից: Նշված հասցեն ու թաղամասն ամենեւին էլ նույնական չեն: Ոստիկանության պաշտոնական տեղեկատվության եւ նույն ոստիկանությանը մոտ կանգնած կայքի տեղեկություններն ակնհայտորեն իրար հակասում են:
Միաժամանակ Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկը չի կարողանում հստակ նշել, թե Արշակ Հակոբյանը գլխի շրջանում քանի հրազենային վնասվածք է ստացել, ինչը տարօրինակ է:
Վարդեւան Գրիգորյանի դեմ սեւ քարոզչություն ընկալված զառերով ցուցապաստառի տեղադրման եւ դրանից մեկ օր հետո Վարդեւան Գրիգորյանի կրտսեր որդու սպանության (ըստ ոստիկանության՝ ինքնասպանության) փաստերի հաջորդականությունը թույլ է տալիս կասկածել, որ մեկը մյուսի հետ կապ ունի:Ի դեպ, դեպքից անմիջապես հետո վերոհիշյալ ցուցապաստառը հապշտապ հեռացվել է:
Դեռեւս անհայտ է զառերով պրովոկացիոն ցուցապաստառի հեղինակը: Ցուցապաստառի պատվիրատուների մասին որոշակի տեղեկատվություն կունենան Գյումրու քաղաքապետարանում, քանի որ քաղաքապետարանի թույլտվությամբ են ցուցապաստառներ տեղադրվում քաղաքում: Տեղեկատվական շիլաշփոթից ակնհայտ երեւում է, որ փաստերի խեղաթյուրման փորձ է արվում: Ինչը նշանակում է, որ նախընտրական Գյումրիում փորձ է արվում քաղաքական խնդիր լուծել: Եթե պարզվի, որ երիտասարդը սպանվել է նախընտրական քաղաքական վեճի պատճառով՝ վեճի հակառակ կողմը լուրջ վարկանիշային կորուստներ է ունենալու. ընդհուպ կարող է տապալվել Գյումրու ավագանու ընտրություններում:
Գրում է լրագրող Դերենիկ Մալխասյանը իր ֆեյսբուքյան էջում
Դիտվել է 262 անգամ
 


Այս թեմայով