Սպանություններ, որոնց հետ կապում են Սամվել Ալեքսանյանի անունը

defaultԱյսօր հիրավի աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել: ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին ենթական և նրա կամակատար Արմեն Իսրայելյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է պատգամավորն իրեն առևանգել և պահել ինչ որ անհայտ տեղում: Արմեն Իսրայելյանը իր խոսքում հիշատակում է նաև այլ մարդկանց ում առևանգել է Սամվել Ալեքսանյանը:

Առաջին անգամ չէ, երբ Սամվել Ալեքսանյանի անունը կապվում է այս կամ այն հանցագործության հետ: Եվ քանի դեռ նրա հավատարիմ զինվորներից  մեկն է նրա դեմ դուրս եկել մենք փորձենք հիշել, թե ինչ սպանությունների հետ է կապվում Սամվել Ալեքսանյանի անունը:

Սամվել Ալեքսանյանի և նրա մարդկանց անունները կապված են եղել  քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր սպանության հետ: 2014 թվականի հունվար ամսին այս սպանության մասին «Հրապարակ» օրաթերթը գրել էր.«Իրավապահները գաղտնիության մթնոլորտ են ստեղծել Թեւոս Սաֆարյանի գործով ներկայում ընթացող նախաքննության շուրջ, թեեւ այն հանրությանն ամենաշատ հետաքրքրող գործերից է։ Հայտնի է միայն, որ անցյալ տարվա դեկտեմբերի 28-ից Թեւոս Սաֆարյանը կալանավորված է եւ մեղադրվում է անձի առեւանգման մեջ։ Ըստ չհերքված տեղեկությունների, Թեւոսիկն առեւանգել էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բարեկամներին, այսկերպ վրեժ լուծելով այն բանի համար, որ 17 հազար դրամ պակասորդի պատճառով Ալեքսանյանը 2008 թվականին իր հերթին գերի է վերցրել «Երեւան Սիթի»-ի աշխատակցուհիներին, որոնցից մեկը Թեւոսիկի հետ բարեկամական կապ է ունեցել։ Սակայն ոչ մի պաշտոնական հաստատում այս տվյալների կապակցությամբ չի եղել»:

Իսկ ահա մեկ այլ միջադեպի մասին «Առաջին լրատվականը» գրել է.«

ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի եղբորորդու սպանության մեղադրանքով բոլորովին վերջերս Վոլգոգրադում ձերբակալված և Հայաստան տեղափոխված Անդրանիկ Երեմյանը սկսել է ցուցմունք տալ: «Առաջին լրատվական»-ի ունեցած տեղեկություններով՝ Երեմյանն իր ցուցմունքներում, որպես սպանության պատվիարտուներ, հիշատակում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին և նրան շատ մոտ կանգնած երկու անձանց անուններ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ վորոշիլովյան շրջանի քրեական հետախուզության աշխատակիցները Վոլգոգրադում ձերբակալել էին Գերմանիայում ու Հայաստանում հատկապես ծանր հանցագործությունների կատարման մեջ կասկածվող 37-ամյա Անդրանիկ Երեմյանին: Այս մասին տեղեկացնում է crimerussia.ru կայքը:

2003թ. Ինտերպոլի Հայաստանի ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության ստորաբաժանումների կողմից հետախուզվող անձի նկատմամբ տեղեկատուներն ունեն կարմիր անկյուն` Red Notice, ինչը վկայում է հատկապես վտանգավոր հանցագործի միջազգային հետախուզության ու ձերբակալման մասին:

Գերմանիայում Երեմյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել գումար ստանալու ակնկալիքով կատարած հափշտակության համար: Տվյալ հանցագործության համար նրան կարող է նշանակվել մինչև 15 տարվա ազատազրկում:

Հայաստանի ՆԳ նախարարության կողմից Երեմյանը հետախուզվում է երեք մարդու սպանության համար:

Հիշեցնենք, որ 2003թ. հունիսի 25-ին` ժ. 12.00-ի սահմաններում Երևանի Նուբարաշենի խճուղում անհայտ անձինք կրակել էին «ԳԱԶ-3129» մակնիշի 65 LO 285 համարանիշով ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով սպանվել էր ավտոմեքենայի վարորդը` Սաշիկ Հակոբյանը, և ուղևորները` ՀՀ պաշտպանության նախարարության բուժվարչության ղեկավարի տեղակալ Գարիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի (ԲՀԿ) եղբորորդի, ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի եղբայրը` Արկադի Գևորգյանը:

Դեռ այն ժամանակ հայտնի էր, որ այս սպանությունները Սամվել Ալեքսանյան-Ռուբեն Գևորգյան հակամարտության արդյունք էին: Իսկ այս գործով դատապարտվեց 5-6 անձ, որոնք նախապատրաստել էին սպանությունը, սակայն չէին հասցրել ավարտին, ապա, ըստ մամուլի հրապարակումների՝ այդ գործը վստահվել էր Անդրանիկ Երեմյանին, ով կատարել էր պատվերը»:

Հ.Գ. Կարծում ենք, եթե իրականության մեջ Սամվել Ալեքսանյանը կապ ունեցել է այս դեպքերի հետ, ապա Արմեն Իսրայելյանը բավական պատմելու բան կունենա:

Դիտվել է 4,847 անգամ
 


Այս թեմայով