Սիրիայի քրդական ուժերը հայտնել են, որ չեն մասնակցի Իդլիբի գործողությանը

Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատները (PYD/YPG) հայտնել են, որ չեն մասնակցելու Իդլիբ նահանգում սիրիական բանակի ու նրա դաշնակիցների նախաձեռնած ռազմական գործողությանը, գրում է demokrathaber.org կայքը՝ հղում անելով YPG խոսնակ Նուրի Մեհմուդին։

Նա, մասնավորապես, հերքել է մամուլում տարածված այն լուրերը, որ քրդական ուժերը կարող են աջակցել սիրիական բանակին Իդլիբի ընդդիմադիր ծայրահեղականների դեմ գործողությունում։

Մեհմուդը հավելել է, որ իրենց բուն նպատակն է Սիրիայի հյուսիսում չեզոքացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բջիջները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն The New York Times պարբերականի համար գրած հոդվածում, խոսելով սիրիական Իդլիբում ռազմական գործողության մասին, ԱՄՆ իշխանությունների ուշադրությունը հրավիրել էր քրդական ջոկատների վրա, որոնք թեև աջակցություն են ստանում Արևմուտքից, սակայն այս անգամ Իդլիբում պատրաստվում են օգնել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմին`Իդլիբի ծայրահեղականներից ազատվելու համար։

Թուրք նախարարը կրկին հորդորել էր ԱՄՆ-ին չաջակցել քրդերին՝ նշելով, որ Վաշինգտոնը պետք է կողմնորոշվի, թե ովքեր են իր իրական դաշնակիցները։

Այս թեմայով