Սիրանույշ Պապյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ հայցը ուղարկել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով

collageԱյսօր 1in.am-ի և Lragir.am-ի լրագրող Սիրանույշ Պապյանը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ հիմք ընդունելով ՀՀ Հանրային ծառայության մասին օրենքի 38-րդ, 46-րդ, 48-րդ հոդվածները՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Ինչպես նաև Հանրային ծառայության մասին օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասով, որով սահմանվում են հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները՝

1) հարգել օրենքը և ենթարկվել օրենքին.

2) հարգել հանրության բարոյական նորմերը.

3) իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը.

4) ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել իր պաշտոնին վայել վարքագիծ.

5) հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Սիրանույշ Պապյանի դիտարկմանը, թե՝ մենք չենք տեսնում ձեր բարեփոխումները, խոսքի և գործի միջև տարբերություն կա, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հեռանալիս պտտվել և ի պատասխան ասել է՝ «Ես էլ քո մեջ կին չեմ տեսնում»:

Դիտվել է 876 անգամ
 


Այս թեմայով