Սերժ Սարգսյանը Ֆրանսիայում հանդիպել է Սենատի նախագահին ու նրան հրավիրել Հայաստան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:

Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է Ժերար Լարշեին Սենատի նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։

Նշելով, որ չնայած մոտ մեկ տարի առաջ կայացած իրենց նախորդ հանդիպումից կարճ ժամանակ է անցել` նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ, այդուհանդերձ, երկու երկրներում էլ այդ ընթացքում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել. Ֆրանսիան նոր և երիտասարդ ու եռանդուն նախագահ ունի, ով ոչ միայն առաջ է տանում Ֆրանսիան, այլ նաև ակտիվորեն ներգրավված է միջազգային գործընթացներում, իսկ Հայաստանը շուտով կիսանախագահական համակարգից լիովին անցում կկատարի նոր՝ խորհրդարանական կառավարման համակարգին։

ՀՀ նախագահը հիշել է, որ սա Ժերար Լարշեի հետ արդեն իր չորրորդ հանդիպումն է, որը կայանում է Ֆրանսիայում: Հանրապետության նախագահը նշել է, որ ուրախ կլինի նրա հետ հաջորդ հանդիպումն ունենալ Հայաստանում, որտեղ մեծ սիրով կհյուրընկալեն Սենատի նախագահին:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և ջերմ խոսքերի համար` Ժերար Լարշեն հայ-ֆրանսիական հարաբերությունները բնորոշել է որպես բարեկամության և փոխադարձ վստահության մթնոլորտում զարգացող բարձր մակարդակի հարաբերություններ, որոնք, նրա խոսքով, պետք է առավել սերտանան դեռևս քաղաքական հարաբերությունների այդ մակարդակին զիջող տնտեսական կապերի ընդլայնմամբ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս ոլորտում կողմերը զգալի անելիքներ ունեն:

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանն ու Ժերար Լարշեն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին` երկուստեք կարևորելով ստորագրված շրջանակային համաձայնագրով ամրագրված մոտեցումներն ու նախատեսված աշխատանքները:

Սենատի նախագահը Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներով, տարածաշրջանի խնդիրներով, հարևան պետությունների հետ Հայաստանի հարաբերություններով:

Նախագահ Սարգսյանը և Ֆրանսիայի Սենատի նախագահն անդրադարձել են նաև ընթացիկ տարում Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որը, նրանց համոզմամբ, մեծապես կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Այս թեմայով