Սերժ Սարգսյանy նոր հարցազրույց է տվել գերմանական ԶԼՄ-ին

3_c_0_h_554_bild.thumbԻնչպես հայտնում է Panorama.am-ը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գերմանական առաջատար Bild պարբերականի հետ զրույցում,  անդրադառնալով հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծին, ասել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է Բունդեսթագի կողմից ճանաչումը, ինչպես նաև` նման հանցագործության չկրկնվելը:

Նախագահ Սարգսյանը զրույցում նկատել է, որ ոչ մի գերմանացի քաղաքական գործիչ չի ժխտում ցեղասպանության փաստը, նույնիսկ նրանք, ովքեր այժմ դեմ են հանդես գալիս բանաձևին: Նախագահը հույս է հայտնել, որ այդ գոծիչները հավատարիմ կմնան ընդհանուր արժեքներին և դրանք վեր կդասեն ժամանակավոր քաղաքական շահերից:

Սերժ Սարգսյանը նաև կարծիք է հայտնել, որ Գերմանիան նույնպես պատմական պատասխանատվություն է կրում 1915թ-ի իրադարձությունների համար:

«Գերմանական կայսրությունը, լինելով Օսմանյան կայսրության դաշնակիցը, պատմական ականատեսն էր այդ հանցագործությունների և կարող էր ինչ-որ քայլեր անել դրանց կանխարգելման համար: Սակայն ոչինչ չի արվել: Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում և պարտավոր է հատկապես բարոյական տեսանկյունից պաշտպանել արժեքները, որոնք ոչ մի փոխզիջում չեն ճանաչում»,- ասել է նախագահը:

Նախագահ Սարգսյանը նաև խոսել է բանաձևի հնարավոր ընդունումից հետո փախստականների վերաբերյալ Թուրքիայի և եվրոպական երկրների միջև ձեռքբերված համաձայնագրի ճակատագրի մասին և կարծիք է հայտնել, որ այդ համաձայնագիրը  չափազանց դժվար է իրագործել այնպիսի գործընկերոջ հետ, ինչպիսին է Թուրքիան: Սերժ Սարգսյանը որպես օրինակ նշել է հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրությունները, որոնք Թուրքիայի նախագահ Էրդողանն  արգելափակեց և խոչընդոտեց դրանց կյանքի կոչելը:

Դիտվել է 252 անգամ
 


Այս թեմայով