Home » ՄԱՄՈՒԼ » Սերժ Սարգսյան. Նայեք՝ ի՞նչ է կատարվում, ցեխ են շպրտում

Սերժ Սարգսյան. Նայեք՝ ի՞նչ է կատարվում, ցեխ են շպրտում

50073Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Քաղաքաշինության նախարարություն, որտեղ շրջայցից, խորհրդակցությունից, զեկույցներից հետո պատասխանել է նախարարության ներկայացուցիչների հարցերին, եւ խոսել Մաքսային միություն մտնելու դեպքում ՀՀ-ում սպասվող գնաճի մասին: Նա այս առիթով գնահատականներ է տվել հայաստանյան մամուլի, խոսքի ազատության խնդրի վերաբերյալ:

«Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում Մաքսային միությանը Հայաստանի միանալուց հետո իբր անխուսափելի կտրուկ գնաճի մասին տարածվող տեղեկությունները, որոնք հասարակության մեջ անհանգստություն են առաջացնում»,-ըստ նախագահական նստավայրի հաղորդագրության, այսպիսի հարց է ուղղվել Սերժ Սարգսյանին, ով  ի պատասխան, վստահեցրել է, թե  կտրուկ գնաճ լինել չի կարող՝ անկախ նրանից Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, թե ոչ:

«Սերժ Սարգսյանի խոսքով, որոշակի ապրանքներ կարող են էժանանալ, որոշները՝ թանկանալ, բայց կտրուկ գնաճը բացառվում է»,-նշվում է հաղորդագրության մեջ, եւ ավելացվում, որ Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Մաքսային միությանն անդամակցությունը բխում է  ժողովրդի շահերից, և խոսքը չի վերաբերում միայն տնտեսությանը:

Սարգսյանը նշել է, որ «պատկան մարմիններն ակտիվորեն պետք է հրապարակային մեկնաբանություններ տան ցանկացած նմանօրինակ ապատեղեկատվության (գնաճի մասին-խմբ.) տարածման դեպքում և հանրությանն առավելագույնս ներկայացնեն իրականությունն ու ճշմարտությունը»:

«Մենք միշտ պետք է հիշենք, որ Հայաստանում արդեն ունենք մամուլի ազատության շատ բարձր աստիճան: «Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը» օրերս հրապարակեց աշխարհում մամուլի ազատության ցուցիչի վերաբերյալ 2014թ. զեկույցը, ըստ որի Հայաստանի Հանրապետությունն առաջատար է մեր տարածաշրջանում՝ առաջ է իր բոլոր հարևաններից (…) Սա, իրոք, շատ լուրջ ձեռքբերում է: Եվ սա պատահական չի ստացվել: Մե՛ր ձեռքբերումն է: Բայց այս ձեռքբերումը բոլորիցս պահանջում է նոր աշխատաոճ, պահանջում է լրացուցիչ ջանքեր: Ինչո՞ւ: Որովհետև մամուլի ազատությունը նաև նշանակում է ստի, բամբասանքի, հերյուրանքի, ապատեղեկատվության տարածում հանրության շրջանում: (…) Նայեք՝ ի՞նչ է կատարվում մեր երկրում. որոշ հեռուստաընկերություններ, տպագիր օրաթերթեր, տասնյակ կայքեր, չորս խորհրդարանական կուսակցություններ, խմբակցություններ, բազմաթիվ արտախորհրդարանական կուսակցություններ, տասնյակ քաղաքական գործիչներ, որոնք նաև մասամբ նեղացածներ են իշխանություններից, առավոտից մինչև կեսգիշեր ցեխ են շպրտում, սևացնում են և՛ երկրում տեղի ունեցող իրադարձությունները, և՛ մեր աշխատանքը: Այս պարագայում, մենք, իհարկե, շատ ակտիվ պետք է լինենք, որպեսզի կարողանանք մեր ընդունած որոշումները հասցնել մեր հանրությանը, որպեսզի ունենանք նաև հասարակական աջակցություն, որպեսզի ունենանք հետադարձ կապ»,-ինչպես հաղորդում է նախագահական նստավայրը, հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Գրում է www.armtimes.com

Դիտվել է 176 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy