Home » ՄԱՄՈՒԼ » Սերժ Սարգսյան. բան ա՞ ըլե ապե

Սերժ Սարգսյան. բան ա՞ ըլե ապե

231788001392456679Փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը մի կարեւոր հստակություն մտցրեց ներքաղաքական կյանքում եւ որոշակիորեն փոխեց իրերի վիճակը: Համագումարի մասնակիցների հարցերին պատասխանելիս Սերժ Սարգսյանը, ըստ էության, հստակ արձանագրեց, որ ինքն է կրում կառավարության գործունեության ողջ պատասխանատվությունը:

Սարգսյանն անդրադարձավ կառավարության գործունեության վերջին շրջանի բոլոր վիճահարույց հարցերին՝ Կենսաթոշակային բարեփոխումներ, գազային համաձայնագիր, տնտեսական ցածր աճ եւ փորձ անգամ չարեց տարանջատվել այդ հարցերի պատասխանատվությունից, ընդհակառակը` ամբողջությամբ իր վրա վերցրեց այն:

Մասնավորապես, խոսելով կենսաթոշակային բարեփոխումների մասին` նա ասաց. «Իմ ամբողջական սատարումն եմ հայտնում այդ լուծմանը, որովհետև սա, իրոք, անհրաժեշտ լուծում է»: Հարցերին պատասխանելու ընթացքում Սերժ Սարգսյանը նույնիսկ իրեն նման արտահայտություն թույլ տվեց. «Գիտեք, որ տեւական ժամանակ է, որ ես աշխատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարությունում»: Այսինքն, Սերժ Սարգսյանը նույնիսկ նույնացնում է իր եւ կառավարության աշխատանքը: Իհարկե, ելույթի գրավոր տեքստի պաշտոնական հրապարակման մեջ այս բնորոշումը ուղղվել է, թերեւս իշխանության թեւերի բաժանման սահմանադրական պահանջը Սերժ Սարգսյանի կողմից խախտելու փաստով բանավեճ չհարուցելու համար, բայց փաստը մնում է փաստ, որ Սարգսյանը գործող կառավարությանն իր գրկից բաց թողնելու միտումներ չի ցուցաբերում անգամ: Նա նույնիսկ փորձեց արդարացնել այն փաստը, որ կառավարությունը չի կատարել իր կողմից առաջադրված պայմանը՝ ապահովել տարեկան յոթ տոկոս տնտեսական աճ: Սարգսյանը խոստովանեց, որ 2013-ին տնտեսական աճը կազմել է 3.5 տոկոս, բայց ասաց, որ դրա մեղավորը համաշխարհային միտումներն են: Այսինքն, այլեւս չի ասում, որ յոթ տոկոս չապահոված կառավարությունը պիտի հրաժարական տա: Արձանագրենք, ուրեմն, վերը նշվածը, եւ անցնենք առաջ:

Նախորդ օրերին ընդդիմադիր որոշ հայտնի շրջանակներ ոգեւորությամբ էին ընդունել ԵԿՄ համագումարին զուգահեռ տեղի ունեցած ԲՀԿ համագումարում այդ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ունեցած ելույթը, որտեղ վճռականության եւ Սերժ Սարգսյանի հետ հեռակա բանավեճի էլեմենտներ էին տեսել: Շատ էր շրջանառվում Ծառուկյանի ելույթի այն հատվածը, որտեղ նա ասել էր. «Հանրապետությունում իրականացվող տնտեսական եւ սոցիալական անպտուղ քաղաքականության պարզ օրինակ է կենսաթոշակային, այսպես կոչված, ռեֆորմը: Սրանից ավելի անմարդկային եւ անարդյունավետ քայլ ես չեմ էլ պատկերացնում այնպիսի մի երկրում, որտեղ պաշտոնապես յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է: Շուրջ 250.000 մարդ ամսական վաստակում է մինչեւ 120.000 դրամ, իսկ դա նշանակում է, որ կուտակայինի 5-6.000 դրամը, այսինքն` զուտ հացի փողը, մարդկանցից տանում են: Իսկ ո՞վ է այդ դեպքում տալու երաշխիքներ այդ կուտակային ֆոնդերի համար, այն էլ` 25-30 տարի հետո: Ենթադրենք՝ մի քանի տարի հետո նոր համաշխարհային ճգնաժամ է գալիս եւ ավերում է այդ ֆոնդերը, որտեղ կուտակված կլինեն մեր քաղաքացիներից պարտադրանքով գանձված գումարները: Ո՞վ է դրա համար պատասխան տալու»:

Ո՞վ է սրա համար պատասխան տալու. Ծառուկյանի այս հայտարարությունը, ոմանք, իհարկե, կոնտեքստից կտրված, ներկայացնում էին որպես հեղափոխական վերջնագիր իշխանություններին: Բայց եթե նույնիսկ դա ընդունենք այդպես, այդ վերջնագրի պատասխանը Սերժ Սարգսյանը տվեց, ըստ էության, տեղում, ասելով, որ ինքն է պատասխան տալու: Սա կարեւոր նրբություն է, որովհետեւ մինչ Սերժ Սարգսյանի` ԵԿՄ համագումարում ունեցած ելույթը, կարելի էր քլնգել միայն կառավարությանը` չնկատելով, որ կառավարությունը ոչինչ չի որոշում: Բայց հիմա, Գագիկ Ծառուկյանի հարցին, Սերժ Սարգսյանն ըստ էության տվեց պարզ պատասխան. «Ես եմ պատասխան տալու, բան ունե՞ս ասելու»: Հետաքրքիրն այն է, որ սա ասվում է հենց ԵԿՄ համագումարում:

Ահա այս պատասխանից է կախված բուրժուադեմոկրատական հեղափոխության ճակատագիրը: Վերջին բանը, որ Սերժ Սարգսյանին ասել է Գագիկ Ծառուկյանը՝ նրա կենացը հոտնկայս հրապարակային խմելն էր: Սպասենք հաջորդ բաժակաճառին:

Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը

 

Դիտվել է 294 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy