Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ եւ Բելառուսի քննչական կոմիտեների նախագահներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին եւ Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկեւիչին: Նրանք Երեւան են ժամանել Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի նիստին մասնակցելու նպատակով:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահը ողջունել է հյուրերին եւ կարեւորել իրավապահ մարմինների միջեւ սերտ եւ ամենօրյա համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը խրախուսում է տարբեր ոլորտներում գործընկեր երկրների պետական կառույցների միջեւ մասնագիտական սերտ շփումներն ու փորձի փոխանակումը՝ նկատի առնելով, որ արագ փոփոխվող աշխարհում նոր տեխնոլոգիաներ եւ հնարավորություններ են ի հայտ գալիս, որոնք նպաստում են առավել արդյունավետ լուծումներ գտնելուն եւ աշխատանքի կատարելագործմանը: Նախագահ Սարգսյանը համատեղ նիստի ձեւաչափը փոխգործակցության լավ հարթակ է համարել եւ հաջողություններ մաղթել կոլեգիայի աշխատանքներին:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել նիստը Երեւանում բարձր մակարդակով անցկացնելու համար եւ գոհունակությամբ խոսել համատեղ աշխատանքի արդյունքների մասին: Ռուսաստանի եւ Բելառուսի քննչական կոմիտեների նախագահները կարեւորել են նիստի շրջանակներում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որը նախատեսում է խրախուսել համագործակցությունը ու համատեղ կարեւորություն ունեցող մի շարք ուղղություններով փորձի փոխանակում իրականացնել:

 


Այս թեմայով