Սերժ Սարգսյանի փեսան ըստ արժանվույն կազմակերպել է Պապի այցը. «Ժողովուրդ»

Mikael_Minasyan_Hromi_Pap«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Հայաստան կժամանի Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը եւ 3 օր կլինի մեր երկրում: Համաձայնեք, որ սա լրջագույն իրադարձություն է Հայաստանի համար: Մեր երկրի արտաքին իմիջը կարող է շեշտակի փոխվել, եթե իսկապես գրագետ քարոզչություն արվի: Այսպիսի հյուրընկալություն, իհարկե, մենք էլի ենք ունեցել: Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի նախորդ` Հովհաննես Պողոս Երկրորդ Հռոմի Պապը 2001 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստան էր այցելել: Նա Երեւան էր եկել Հայաստանում քրիստոնեությունը որպես կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում: Եւ այդ այցը բավականին անշուք անցավ, այն ավելի շուտ հիշեցնում էր պետության ղեկավարի պաշտոնական այց, քան հոգեւոր առաջնորդի այցելություն:

Դժվար է ասել, թե դրա պատճառը որն էր` Հովհաննես Պողոս Երկրորդի պատկառելի տարիքը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցած վերաբերմունքը քրիստոնեության նկատմամբ: Ամեն դեպքում, այսօր մենք` որպես ժողովուրդ, պետք է հպարտության մեծ զգացողություն ունենանք, որ Հռոմի պապը արժեւորում է հայերին` որպես հավատացյալ ժողովուրդ, քրիստոնեությունն առաջինը ընդունած երկիր եւ գալիս է «ըմպելու մեր ժայռե հավատքի աղբյուրից»: Եռօրյա այցելության ծրագիրը առավել քան հագեցած օրակարգ ունի: Ու հանուն արդարության պետք է ասել, որ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը, թեեւ բազմաթիվ այլ հարցերում նաեւ մեր կողմից է քննադատության ենթարկվել, այնուամենայնիվ, օրինակելի աշխատանք է կատարել: Ե՛ւ որպես դիվանագետ, ե՛ւ որպես մեդիա դաշտի «տիրակալ» Սերժ Սարգսյանի փեսան ըստ արժանվույն կազմակերպել է Պապի այցը մեր երկիր: Հայաստանի դիվանագիտական կորպուսի բազմաթիվ ներկայացուցիչներ ընդօրինակելու կարիք ունեն: Շատերն անսահման ֆինանսական միջոցներ ունեն, բայց նման լուրջ աշխատանք ոչ ոք կարծես թե չի արել: Հուսանք` Հռոմի Պապի հետ տարբեր սրբավայրերում աղոթելուց հետո Սերժ Սարգսյանի իշխանությունը իրապես «դարձի կգա»` փրկելով հայ հավատավոր ու պայքարող ժողովրդին աղքատության եւ անարդարության ճիրաններից:

Հ. Գ. Ի դեպ, վաղը՝ ժամը 19.00-ին, Երեւանի Հանրապետության Հրապարակում տեղի կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի եւ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Էկումենիկ արարողություն եւ խաղաղության աղոթք: Քաղաքացիների մուտքն ազատ է, բայց իրավապահները խորհուրդ են տալիս հրապարակում լինել արարողությունից առնվազն կես ժամ առաջ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 1,014 անգամ
 


Այս թեմայով