Home » ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ » Սերժ Սարգսյանի վերջին խաղաքարտը

Սերժ Սարգսյանի վերջին խաղաքարտը

1AD32948-8F48-4BF2-9586-0BA6D65EA014_mw1024_n_s-588x375Կառավարության հրաժարականի մասին խոսակցությունները մտնում են ակտիվության նոր փուլ: Սերժ Սարգսյանը դեռևս այս տարվա մարտի 18-ին հայտարարել էր, որ այն կառավարությունը, որը 7 տոկոս տնտեսական աճ չի ապահովի՝ պետք է հրաժարական տա: Այս պահի արդյունքները խոսում են այն մասին, որ 7 տոկոս տնտեսական աճ վստահաբար չի լինի: Նկարված թվերով հանդերձ՝ հնարավոր չի լինի անցնել 4-5 տոկոսի սահմանագիծը:

Սերժ Սարգսյանի հայտարարության մասին հիշեցումը սկզբում հնչեց ընդդիմադիր դաշտից: Այնուհետև չուշացավ նաև «երիտհանրապետականների» արձագանքը.
ըստ Արմեն Աշոտյանի՝ Սերժ Սարգսյանի 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու ակնկալիքը քաղաքական հորդոր է եղել, իսկ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ասաց, որ Սերժ Սարգսյանը քաղաքական հայտարարություն է արել: Այսպիսով կառավարության անդամները փորձում են արդարացումներ գտնել Սերժ Սարգսյանի հայտարարության և համապատասխան տնտեսական աճ չապահովելու համար:

Սերժ Սարգսյանը էկոնոմիկայի նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ ասել է, որ փետրվար-մարտ ամիսներին վերջնականապես կամփոփվի 2013 թվականի արդյունքները և այդ ժամանակ միայն կպարզվի, թե որքանով են կատարվել դրված նպատակները, կատարվե՞լ են, թե՞ ոչ, և որոնք են օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները, որոնք հանգեցրել են շեղումների: Փաստորեն իր հայտարարությամբ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ չի բացառել, որ կառավարությունը չի ապահովի նախանշված արդյունքները, բայց և, միևնույն ժամանակ, հրաժարականի հարցը հետաձգել է մինչև փետրվար-մարտ ամիսները: Սա չի նշանակում, որ այդ ամիսներին կդրվի հրաժարականի հարցը, քանի որ իր հայտարարության մեջ նա գցել է նաև օբյեկտիվ պատճառների առկայության հավանականության թեզը:

Մյուս կողմից ՀՀԿ-ն, իր տարբեր տրամաչափի գործիչների միջոցով կառավարության հրաժարականի թեման զարգացնում և պահում է օրակարգում: ՀՀ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ակնարկել է կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի մասին։ Իսկ ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը ասել է, որ եթե Սերժ Սարգսյանի կողմից խնդիր է դրվել, ու այն չի իրականացվել, ապա կառավարության կողմից պետք է անպայման լինեն պարզաբանումներ:

Այսպիսով մի կողմից Սերժ Սարգսյանը ժամանակավորապես հետաձգում է այս հարցի քննարկումը, մյուս կողմից` տարբեր գործիչների միջոցով հասունացվում և թեման պահվում է օրակարգում: Նման գործելաոճը բավականին հետաքրքրական է դիտվում վերջին քաղաքական զարգացումների ֆոնին: Մի կողմից ընդդիմադիր քաղաքական և քաղաքացիական հատվածի սլաքները ուղղվում են դեպի Սերժ Սարգսյանը, մյուս կողմից` սոցիալական ծանր պայմանները, քաղաքացիների եկամուտների նվազեցմանն ուղղված կառավարության նախաձեռնությունները մեծացնում են սոցիալական լարվածությունը` ամեն օր սոցիալական զանազան շերտերի հանելով փողոց: Այս շերտերը, ընթացող գործընթացների արդյունքում, աստիճանաբար քաղաքականացվում են և ինչ-որ պահից վերջիններիս սլաքները ևս ուղղվելու են դեպի Սերժ Սարգսյանը: Հետամանորյա շրջանում, հատկապես նույն փետրվար-մարտ ամիսներին սպասվում են նաև քաղաքական զանազան ուժերի կողմից ավելի ակտիվ գործողություններ, կա նույնիսկ լայն կոնսոլիդացիայի հնարավորություն:

Այս համատեքստում պատահական չէ կառավարության հրաժարականի հետաձգումը, բայց եւ միևնույն ժամանակ օրակարգում պահվելը: Իր շուրջ օղակի նեղացման պարագայում՝ Սերժ Սարգսյանը կարող է ցրել կառավարությունը, ինչը կտա գոլորշի բաց թողնելու էֆեկտ: Բացառված չէ, որ կառավարության ցրումը կարող է կատարվել հանրության պահանջի էֆեկտով, երբ «ոչ իշխանական» որոշ ուժեր կդնեն այդ հարցը` միգուցե անցնելով նաև փողոցային պայքարի:

Այսպիսով, կառավարության հրաժարականի հարցը բացառապես կախված է նրանից, թե ինչքանով սուր կդրվի Սերժ Սարգսյանի հեռացման հարցը: Այլ պարագայում դա տեղի չի ունենա, քանի որ այս կառավարությունը էական դեր է կատարում վարչախմբի ներսում ուժերի հարաբերակցությունը պահպանելու համար: Այդ հարաբերակցության խախտումը զգալիորեն կթուլացնի նաև Սերժ Սարգսյանի դիրքերը:

Սևակ Մամյան

araratnews.am

Դիտվել է 217 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy