Սերժ Սարգսյանի պատասխանն ադրբեջանցի պատվիրակին

Երևանն ունի 2800 տարվա պատմություն, հայ ժողովուրդը առնվազն 5000 տարի ապրում է իր պատմական տարածքներում, և Ադրբեջանը կամ այլ ժողովուրդներ, ովքեր, Աստված գիտի, երբ են սկսել իրենք իրենց ինքնաճանաչել, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը: Այս մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է Մյունխենի անվտանգության համաժողովում՝ պատասխանելով Գերմանիայում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղար Սադի Ջաֆարովի հարցին։

Սադի Ջաֆարովը հնչեցրել է հետևյալ հարցը.

— Պարո՛ն Նախագահ, ի՞նչ եք կարծում Հարավային Կովկասում մենք հիմա ունենք տարածաշրջանային զարգացման ծրագրեր, և նորմա՞լ է, որ Հայաստանը հիմա դուրս է այս ծրագրերից, հատկապես էներգետիկայի, տրանսպորտի ոլորտի ծրագրերից: Սրանով հանդերձ ուզում եմ մեկ այլ հարցի անդրադառնալ. եթե չլիներ հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, և եթե Ադրբեջանի տարածքները չլինեին Հայաստանի օկուպացիայի ներքո, եթե չլիներ էթնիկ զտումների քաղաքականություն Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ, ապա հավանաբար այսօր Հայաստանը կկարողանար օգուտ քաղել այդ տարածաշրջանային ծրագրերից:

Այստեղ ես պետք է նշեմ, որ անձամբ ես ունեմ արմատներ Ղարաբաղից, այո, այդպես է, և Դուք պետք է անպայման հասկանաք, որ առանց հակամարտության լուծման, Հայաստանը չի կարողանա լիարժեք շահակից լինել տարածաշրջանում և չի լինի տարածաշրջանի ծրագրերի մասնակից, բացառությամբ, եթե ադրբեջանցի բնակչությունը վերադառնա Ադրբեջանի ինքնիշխանության ներքո գտնվելիք տարածքներ: Ե՞րբ է Հայաստանը մտադիր մասնակցելու այդ ծրագրերին, և ե՞րբ ես կվերադառնամ իմ տուն:

Գերմանիայում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղարի հարցին Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է.

«Նախ, շատ շնորհակալ եմ իմ հայրենակցի կողմից տրված այս հարցերի շարանի համար, որովհետև ես էլ եմ արմատներով Ղարաբաղից: Բայց ուզում եմ սկզբից մի հարց տալ. հարցս մի քիչ հռետորական է` իսկ ի՞նչ եք կարծում, եթե ձեր երկրի նախագահը տարածքային նկրտումներ է հանդես բերում Երևանի նկատմամբ, որի հիմնադրման 2800-ամյակը մենք նշելու ենք հոկտեմբեր ամսին, ինչպե՞ս կարող է Ղարաբաղի խնդիրը լուծվել:

Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, և Դուք, թեև ես դրանում մի քիչ կասկածում եմ, կարող եք վերադառնալ Ղարաբաղ կամ հարակից շրջաններ միայն ու միայն այն պարագայում, եթե ձեր երկրի ղեկավարությունը սթափվի և հրաժարվի իր անիրատեսական սպասելիքներից, բանակցությունների արդյունքի վերաբերյալ ակնկալիքներից: Դուք ուզում եք ազատ ապրել, Դուք ուզում եք ապրել Ղարաբաղում: Հավատացեք, որ ղարաբաղցիներն էլ են ուզում ազատ ապրել և ուզում են, որպեսզի իրենք ապրեն իրենց պատմական հողի վրա, որտեղ ունեն հազարամյակների խորքից եղած ժառանգություն, և իրենք չեն ուզում, որ դուք ոչնչացնեք այդ ժառանգությունը:

Իսկ թե ինչի համար Ադրբեջանի մի քանի շրջաններ հայտնվեցին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ, Դուք դա շատ լավ գիտեք: Գիտեք, որ ղարաբաղցիները ընդամենը քաղաքակիրթ ձևով անցկացրել են հանրաքվե, դիմել են Սովետական միության Գերագույն խորհրդին. դա էր պահանջում Սովետական միության գործող օրենքը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի կազմից տեղափոխվի Հայաստանի կազմ: Փոխարենը` ձեր այն ժամանակվա իշխանությունները փորձեցին զենքով խեղդել ղարաբաղցիների այդ օրինական պահանջն ու ցանկությունը: Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ այդ ժամանակ բոլոր եվրոպական կառույցները շատ դրական մոտեցում ցուցաբերեցին և ասացին՝ այո՛, Լեռնային Ղարաբաղը պետք է ինքնորոշվի: Բայց պատերազմում փլավ չեն բաժանում, ցավոք սրտի: Ես ատում եմ պատերազմը: Սակայն այնպես ստացվեց, որ մենք մեզ պաշտպանելու համար ստիպված էինք ստեղծել անվտանգության գոտի:

Նորից այս հեղինակավոր ամբիոնից ասում եմ՝ մենք պատրաստ ենք Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը, եթե դուք ցուցաբերեք ողջախոհություն` խոսքս Ադրբեջանի ժողովրդի մասին չէ, խոսքս Ադրբեջանի ղեկավարության մասին է, և իրականում նստեք բանակցային սեղանի շուրջ ու հասկանաք, որ այս խնդիրը կարող է լուծվել միայն ու միայն փոխզիջումների հիման վրա: Ես չեմ ուզում մասնակիցների ժամանակը խլել, ուղղակի ուզում եմ ասել, որ ժամանակն է սթափվելու: Երևանը ունի 2800 տարվա պատմություն, հայ ժողովուրդը առնվազն 5000 տարի ապրում է իր պատմական տարածքներում, և Ադրբեջանը կամ այլ ժողովուրդներ, ովքեր, Աստված գիտի, երբ են սկսել իրենք իրենց ինքնաճանաչել, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը: Շնորհակալ եմ Ձեր այդ հարցաշարի համար»:

Այս թեմայով