Սերժ Սարգսյանի մտերիմ «Միկմետալի» Միշայի որդին՝ պատգամավո՞ր. «Հրապարակ»

Սերժ-սարգսյան«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չարենցավանում արդեն սկսել են պատրաստվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Քանի որ նոր Ընտրական օրենսգրքով ռեյտինգային կամ բաց ցուցակներ են լինելու, և ամեն կուսակցություն առնվազն հինգ թեկնածու է առաջադրելու նույն ընտրատարածքում, հիմիկվանից սկսել են հավանական թեկնածուներն ակտիվանալ։

Մեր տեղեկություններով՝ Չարենցավանն ու հարակից շրջաններն ընդգրկող ընտրատարածքում մտադիր է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել Միշա Հարությունյանի՝ «Միկմետալի» Միշայի որդին՝ Վահան Հարությունյանը։

Միշա Հարությունյանը Սերժ Սարգսյանի ընկերներից է՝ գործարար, նրա մի եղբայրն ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյա է։ Նա նաև ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռին է։ Մ. Հարությունյանը խոշոր գործարար է, նրան են պատկանում «Միկմետալ» ընկերությունը, «Երազ» բիզնես կենտրոնն ու «Երազ» բնակելի թաղամասը, նաև Չարենցավանում գործող «Ասկե գրուպ» ՓԲԸ-ն, որն զբաղվում է ամրանների արտադրությամբ։ Հարությունյանի որդին՝ Վահանը, հենց այս գործարանն է ղեկավարում, հիմա էլ որոշել է պատգամավոր դառնալ։ Ու քանի որ իրեն դրա համար, հաստատ, ընտրական հանձնաժողովներում հավատարիմ մարդիկ պետք կգան, արդեն սկսել է այդ ուղղությամբ աշխատել։

Մենք տեղեկացանք, որ նա «Ասկե գրուպի» հարյուրից ավելի աշխատողների ուղարկել է դասընթացների, որպեսզի հանձնաժողովի անդամի լիցենզիա ստանան և ընտրություններին աշխատեն իր համար։ Մոտ 150 հոգու էլ «Միկմետալից» և իրենց պատկանող այլ ընկերություններից է ուղարկել դասընթացների։ Եվ ովքեր չեն ցանկանում մաս կազմել այս ամենին և դառնալ հանձնաժողովի անդամ, նրանց առջև պայման է դրվում՝ դիմումդ գրիր, ազատվիր աշխատանքից»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 677 անգամ
 


Այս թեմայով