Սերժ Սարգսյանի մտերիմը հիմա էլ Նիկոլ Փաշինյանի մտերիմն է

Շաբաթներ առաջ Politik.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեում «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել «Էլիտ Գրուպ»-ի կողմից հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու փաստի առթիվ, մի գործ, որը կարող է դառնալ խոշոր կոռուպցիոն կծիկի քանդման սկիզբը։

«Էլիտ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ) իրականացնում է բնակելի և հասարակական էլիտար համալիրների շինարարություն և վաճառք։ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված գործը որոշակիորեն բացահայտում է, թե ինչպես է տեղի ունենում վաճառքի գործընթացը։ Քրեական գործի հարուցման հիմքում դրված է մեկ ընտանիքի հետ «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի կնքած պայմանագիրը։ Մեր տեղեկություններով՝ այդպիսի պայմանագրեր շատ կան և հնարավոր է, որ առաջիկայում «Էլիտ Գրուպ»-ից բնակարան ձեռք բերած այլ անձինք ևս բացահայտեն իրենց պայմանագրերում առկա խնդիրները։

Հարուցված քրեական գործի համաձայն՝ «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ն, ընդամենը մեկ ընտանիքի հետ կնքված պայմանագրով, թաքցնելով ստացված իրական գումարը, պետությանը չի վճարել 3 միլիոն 530 հազար ՀՀ դրամ՝ որպես ավելացված արժեքի հարկ և ևս 3 միլիոն 529 հազար դրամ՝ որպես շահութահարկ։ Քննչական կոմիտեն պարզել է, որ «Էլիտ Գրուպը» նույն շենքի այլ բնակիչների հետ կնքած պայմանագրերում ևս թաքցրել է բնակարանների իրական արժեքը և այդպիսով, ընդհանուր առմամբ, խուսափել է գրեթե 66,5 միլիոն դրամի հարկ վճարելուց։

Politik.am-ի տեղեկությունների համաձայն՝ քրեական գործը լուրջ ընթացք չի ստանա։ Սերժ Սարգսյանի մտերիմ․ «Էլիտ Գրուպ» ընկերության սեփականատեր Արմեն Մկոյանը այժմ էլ մտերիմ հարաբերություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Փետրվարի 8-ին Մկոյանը մի շարք այլ գործարարների հետ հանդիպել է Փաշինյանին։ Սա Մկոյանի և վարչապետի արդեն երկրորդ հանդիպումն է։ Մկոյանը խոստացել է նոր ներդրումներ անել և օգնել Փաշինյանի կառավարությանը։

Այս թեմայով