Սերժ Սարգսյանի հանգստի արժեքը

5179_bPolitik.am: ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: Նախագահականի պաշտոնական կայքից  տեղեկացել էինք, որ «Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում»:

Այս օրերին հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարվածությունն այն աստիճանի է հասել, որ հակառակորդը կրակ է բացում 82 մմ տրամաչափի զենքերից, որն էլ իր հերթին լարվածությունը թեժացնում է: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտարարել է, որ «Հուլիսի 24 –ի երեկոյան ժամը 19-ից սկսած՝ հակառակորդը կրկին շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը հատկապես Արցախի սահմանին և Տավուշի մարզում»:

Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն իսկ հայտարարել են իրենց բանակի կազմում կորուստների մասին, բարեբախտաբար հայկական կողմը զոհեր չունի:

Սերժ Սարգսյանը սահմանային  լարված  միջադեպերի ընթացում Երևանում ընդունեց ԵԽ նախագահին ու հանրային քննարկման ներկայացրեց սահմանադրության իր փոփոխություները: Միևնույն ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ուոլիքն էլ Երևանում և Բաքվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ  հայտարարություններով հանդես եկավ:

Այսքանից հետո տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանը գնում է արձակուրդ: Նա, ով  մասնակցություն ունի ղարաբաղյան պատերազմին այսօր գնում է հանգիստը վայելելու, իսկ զինծառայողները, որոնք Ղարաբաղում և Հայաստանում  հիմա լարված և աչալուջ ծառայություն են  կատարում՝ տեղյա՞կ են, որ Սերժ Սարգսյանն արձակուրդ է վերցրել:

Ուրիշ ժամանակ Սերժ Սարգսյանը վարչապետին, նախարարներին ուղարկում է սահման, կամուֆլյաժ հագցնում, նկարել է տալիս,  այսօր նրանց մասին, հավանաբար, մոռացել է:

Ահա այսպես, ամենաբարձր մակարդակով  են  ՀՀ իշխանությունները «բարձրացնում» զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակը: Արցախի պահապանները եղել և մնում են շարքային զինծառայողները:

Դիտվել է 1,109 անգամ
 


Այս թեմայով