Սերժ Սարգսյանի լուռ պայքարը Հովիկ Աբրահամյանի դեմ

հովիկՆախագահ Սերժ Սարգսյանն երեկ Լոռու մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:

«Մենք վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ հնարավորություններ ենք ունեցել զրուցելու մարզի սոցիալ-տնտեսական զարգացման առանձին ծրագրերի, խնդիրների մասին, բայց կցանկանայի, որպեսզի այսօր ընդհանրացնենք մեր մոտեցումները, մարզի տնտեսությունը դիտարկենք որպես մի ամբողջականություն, բայց այդ ամբողջականության մեջ փորձենք առանձնացնել այն ճյուղերը, որոնք այսօր կարող են ավելի արագ զարգանալ Լոռում, քան մեկ այլ մարզում: Խոսենք հարաբերական առավելությունների մասին, որովհետև ես համոզված եմ, որ տնտեսության որոշ ճյուղեր շատ ավելի արագ կարող են զարգանալ հենց Լոռում: Կցանկանայի, որպեսզի այստեղ միանգամից ձեզ համար պարզ լինի, որովհետև վստահ եմ, որ բոլորիդ անհանգստացնում է հարցը՝ կապված «Վանաձոր-քիմպրոմ» ընկերության հետ: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը դեռևս նախորդ շաբաթ հանձնարարություն էր ստացել՝ բաժնետերերի հետ այս շաբաթվա ընթացքում լուծել երկու ամսվա աշխատավարձի վճարումը բանվորներին, իսկ մինչև դեկտեմբերի 15-ը՝ վճարել ամբողջ պարտքը, որոշում կայացնել «Վանաձոր-քիմպրոմ» ընկերության հետագա ճակատագրի մասին: Վստահ եմ, որ արդեն այս շաբաթվա վերջին երկու ամսվա աշխատավարձը մարդիկ ստացած կլինեն, և մինչև դեկտեմբերի 15-ը ինչպես աշխատավարձի խնդիրը կլուծվի, այնպես էլ գործարանի հետագա ճակատագրի: Կցանկանայի, որպեսզի ավելի մանրամասն խոսենք այսօր մարզում ընթացող ճանապարհաշինական ծրագրերի մասին, որովհետև մենք այնտեղ ծրագրեր ենք իրականացնում: Խնդիրը դիտարկենք նաև մեկ այլ տեսանկյունից՝ այդ ճանապարհաշինությունը չի կարող ինքնանպատակ լինել. մենք ճանապարհաշինությանը մարզում թափ ենք հաղորդում, որպեսզի կարողանանք զարգացնել գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը և զբոսաշրջությունը: Կցանկանայի, որպեսզի նաև այս տեսանկյունից խնդիրը դիտարկենք:

Բնական է, որ այսօր արդեն մարզի տնտեսության առաջատարը Թեղուտի կոմբինատն է, և կոմբինատը դրական մեծ ազդեցություն ունի ոչ միայն մարզի տնտեսության, այլ նաև հանրապետության ողջ տնտեսության վրա: Թեղուտն այսօր, հանգիստ կարելի է ասել, որ համակարգաստեղծ ձեռնարկություն է: Կոմբինատի շուրջ արդեն ձևավորվել են մանր ու միջին ձեռնարկություններ, և գնալով այդ ձեռնարկությունների թիվն ավելանալու է: Ուղղակի, կցանկանայի, որպեսզի մարզի ղեկավարությունը շատ սերտ աշխատեր կոմբինատի հետ՝ ոչ միայն տնտեսական խնդիրներով, այլ նաև սոցիալական ու բնապահպանական:

Գիտատար, առաջավոր մտքի հետ կապված նախաձեռնությունների խնդիրը, մենք, կարծում եմ, կարողանալու ենք լավագույնս լուծել Վանաձորում նոր կենտրոնի կառուցմամբ: Այդ տեխնոլոգիական կենտրոնը մենք շահագործման ենք հանձնելու հաջորդ տարի:

Կցանկանայի տեսնել, թե հիմա ու՞ր ենք հասել, ո՞ր փուլում ենք գտնվում, որովհետև դրա հետ զուգահեռ մենք պետք է լուծենք նաև Վանաձորում Երևանի «Թումո» կենտրոնի մասնաճյուղի գործունեության խնդիրը: Բոլոր պարագաներում, «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ը 2016թ. ունենալու է նաև «Թումո» կենտրոնի մասնաճյուղ Վանաձորում: Արդեն բարերարի հետ ես խոսել եմ՝ կան մարդիկ, ովքեր այդ ծախսերն իրենց վրա են վերցնելու, և ոչ միայն Վանաձորի, այլև Լոռու մարզի այլ բնակավայրերի երեխաները հնարավորություն են ունենալու փորձարկել իրենց ունակությունները նաև այդ ոլորտում:

Տեղեկացնեմ, որ ես արդեն պայմանավորվածություն եմ ձեռք բերել, և մոտակա երկու շաբաթների ընթացքում մենք կասենք ձեզ հիմնադրամ ստեղծելու մասին՝ Լոռու զարգացման հիմնադրամ, որի խնդիրն է լինելու հենց այդ հարաբերական առավելություն ունեցող ճյուղերի զարգացումը Լոռու մարզում: Ես կարծում եմ, որ թեթև արդյունաբերության ոլորտը ձեր մարզում նորմալ զարգանում է, և այստեղ պետք է ներարկել որոշակի միջոցներ, ներգրավել նոր մարդկանց: Մենք այս խնդիրը, կարծում եմ, կարողանալու ենք կարճ ժամանակում մարզում լուծել»,-հանդիպման ընթացքում իր ելույթում նշել էր Սերժ Սարգսյանը:
Նախագահի կողմից նշված խնդիրները առաջինը վերաբերվում են Կառավարությանը և նշված ձեռքբերումները կարծես նույնպես Կառավարության աշխատանքի արդյունքը պետք է ինեյին:
Հատկանշական է նաև «Վանաձոր-քիմպրոմ» ընկերության աշխատակիցների խնդիրների մասին խոսելը: Այս ընկերության աշխատակիցները մի քանի ամիս է բողոքում են իրենց չվճարված աշխատավարձերի համար և պահանջում, որպեսզի կառավարությունը իրենց այս խնդրին լուծումներ տա: Ընկերության աշխատակիցների բողոքի ակցիաների ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը որևէ կերպ արձագանք չտվեց, իսկ ահա երբ խնդիրը մոտ է իր լուծմանը գործին միջամտում է նախագահը: Այս եկրպ նա փորձում է ցույց տալ, թե ով է երկրում իրական խնդիրներ լուծողը: Այս դեպքում իր համար անգամ կարևոր չէ, որ խնդրի վերջնական լուծումը կապված է կառավարության և նրա ղեկավարի աշծատանքից:
Իր այս քայլով Սերժ Սարգսյանը փորձում է չեզոքացնել Հովիկ Աբրահամյանի դերակատարումը և թույլ չտալ, որպեսզի նրա հետ քաղաքացիները հույս կապեն: Փաստորեն Սերժ Սարգսյանը վարչապետին դիտարկում է իրեն պոտենցիալ մրցակից և ամեն կերպ փորձում է պայքարել իր մրցակցի դեմ: Իսկ Հովիկ Աբրահամյանին սևացնելը նրան հնարավորությունները էլ ավելի մեծ հնարավորություններ կտան միահեծան ղեկավարել Հայաստանը:

Անի Ասլյան

Դիտվել է 328 անգամ
 


Այս թեմայով