Սերժ Սարգսյանի երեք ստերը

695485Այսօր շատերն են խոսում այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր գործունեությամբ հակասում է այն մտքերին, որ ինքն է արտահայտել այս կամ այն առիթով: Այս խոսակցությունների ֆոնին հետաքրքիր է հիշել, թե ինչ խոստումներ  է տվել Սերժ Սարգսյանը տարիներ առաջ, երբ դեռ նոր էր ստանձնում նախագահի պաշտոնը:

2008 թվականի հոկտեմբերի 2-ին Սերժ Սարգսյանը խորհրդարանի ամբիոնից դիմեց հայությանը: Այդ օրերին միջազգային ճգնաժամը նոր էր հասունանում: Սերժ Սարգսյանի ելույթի մի հատվածը կրում էր «Մեր ու մեր տնտեսության մասին»  ենթախորագիրը: Ահա այն ամբողջությամբ.

“Ես կրկին ուզում եմ բարձրաձայնել, որ Հայաստանի համար եկել է մեծ ու համարձակ տնտեսական նախագծերի ժամանակը, այսպես ասած՝ գերծրագրերի ժամանակը։ Այդօրինակ ծրագրերը ոչ միայն կարեւորագույն ռազմավարական խնդիրներ են լուծում, այլեւ լայնամասշտաբ ազդեցություն են ունենում տնտեսության եւ հասարակության վրա. դրանք հազարավոր նոր աշխատատեղեր են ստեղծում, դառնում են տարբեր ձեռնարկությունների ստեղծման պատճառ, նոր շուկաներ են բացում եւ ամբողջական ոլորտների, այդ թվում՝ գիտության զարգացման խթան դառնում։ Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը լավագույն վկայությունն է այն բանի, որ այսօր, նույնիսկ ամենահամարձակ նպատակադրումները մեր երկրում կարող են իրականություն դառնալ հետեւողականության, սեփական ուժերի հանդեպ վստահության ու աշխատանքի շնորհիվ։

Եվ ես այսօր չեմ խոսելու ընդհանուր տնտեսական քաղաքականության եւ մեր որդեգրած մոտեցումների մասին։ Առանձնացնեմ միայն երեք նախաձեռնություն, երեք ծրագիր, որոնք առաջիկա տարիների ընթացքում լինելու են մեր աշխատանքի եւ մեր ուշադրության ուղղակի կենտրոնում։

Եվ այսպես. ես ուզում եմ, որ Հայաստանում գործարար հետաքրքրություններ ունեցող ու ապագայի ծրագրեր մշակող արտերկյա եւ հայրենի բոլոր գործարարները, մեր քաղաքացիներն ու աշխարհասփյուռ մեր հայրենակիցները մեկ անգամ եւս տեղեկացված լինեն, որ.

ա) առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանն սկսում է նոր ատոմակայան կառուցել,

բ) առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել, եւ

գ) առաջիկա ամիսների ընթացքում համահայկական բանկ ու ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու, որոնք մեծամասշտաբ ծրագրեր են ֆինանսավորելու։
Հարցնում եք՝ կկարողանա՞նք, պատասխանում եմ, որ կկարողանանք։ Հեշտությամբ կկարողանանք, եթե միասին գործենք»։

Հ.Գ. Իհրակե կարող են լինել իրավիճակներ, երբ այս կամ այն խոստումը կամ կանխատեսումը չիրականան, բայց երբ երկրի ղեկավարի տված բոլոր խոստումներն էլ չեն իրականանում, ապա այստեղ խոսք է գնում ստի մասին: Այո Սերժ Սարգսյանը ստել է հանրությանը և կարևոր է, որ այդ ստերի համար հանրությունը պատասխանատվության կանչի նրան:

 


Այս թեմայով