Սերժ Սարգսյանի դասը

11707602_10153026532717199_819585688714675125_nՏևական դադարից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջապես խոսեց այն ամենի մասին, ինչ այս օրերին կատարվում էր երկրում: Ավելի շուտ ոչ թե խոսեց, այլ այս անգամ ևս մաքրագործեց իշխանությանը, և մեղքը մնաց մի խումբ զինված մարդկանց և նրանց սատարող տաքգլուխների վրա: Այս անգամ էլ իշխանությունները մեղավոր չէին:

Սերժ Սարգսյանը խոսեց նաև լրագրողների նկատմամբ բռնությունների մասին: Մասնավորապես նա առաջարկեց. «….Ես շնորհակալ եմ մեր լրագրողներին իրենց անմնացորդ աշխատանքի համար և անարյուն հանգուցալուծմանը նպաստելու համար: Ես նաև ներողություն եմ խնդրում մեր լրագրողներից հուլիսի 29-ի՝ լույս 30-ի գիշերվա դեպքերի համար. սա մեր ամենաէական բացթողումն էր այս օրերի ընթացքում: Բոլոր հետևություններն, անշուշտ, արվելու են: Ձեր ներողամտությունը հայցելով՝ միայն լրագրողներին, բայց ոչ իրավապահներին, խնդրում եմ մոռանալ այդ դեպքերի մասին, քանի որ իրոք վստահ եմ, որ այլևս նման բան չի կրկնվելու, և նաև ուզում եմ, որ այդ դեպքերն այսուհետ անգամ ենթագիտակցական որևէ ազդեցություն չունենան ձեր ազատ գործելաոճի վրա….»,-ասաց նա:

Իհարկե, քինախնդրությունը վատ բան է: Իհարկե, լրագրողները կմոռանան, եթե մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ, եթե անգամ չպատժվեն, լրագրողները չունեն հաստավիզ թիկնապահներ, որոնք կպատժեն մեղավորներին: Լավ է, որ դուք խոսում եք գթասրտությունից և ոչ քինախնդիր լինելուց: Եվ եթե խոսում եք, ապա ինչու՞ իրականության մեջ այդպես չեք ապրում և չեք գործում: Մի՞թե մի շարք քաղաքական գործիչներ այսօր հնարովի մեղադրանքներով չեն մեկուսացվել միայն այն պատճառով, որ որոշել են չքծնել Ձեզ, որ որոշել են հանուն այս երկրի բարեկեցիկ ապագայի կանգնել ժողովրդի կողքին և առաջնորդել:

Պարո՛ն նախագահ, խոսելով քինախնդիր չլինելուց, գուցե օրինա՞կ ծառայեք, ցույց տաք մեզ, թե ինչպես պետք է մոռանալ: Օրինակ՝ կարող եք վերցնել և մոռանալ այն գործերը, որոնք կարվել են Արմեն Մարտիրոսյանի, Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Սանասարյանի, Անդրիաս Ղուկասյանի, Ալեք Ենիգոմշյանի և շատ այլ քաղբանտարկյալների վրա:

Բոլորն են հասկանում, որ այս մարդիկ Ձեր և Ձեր իշխանության քինախնդրության զոհն են: Բոլորն են հասկանում, որ նրանք ոչ թե հանցանք են գործել օրենքի առաջ, այլ գործել են ձեր իշխանությանը ոչ հաճո կերպով:

Պարո՛ն նախագահ, իսկ եթե ցանկանում եք հավիտյան մոռանանք Սարի թաղի բռնությունները և չապրենք քինախնդրության մթնոլորտում, ապա մի այնպիսի դա՛ս տվեք մեզ, որը կստիպի մեզ ամաչել մեր քինոտության համար: Օրինակ՝ վերցրե՛ք և ազա՛տ արձակեք «Սասնա Ծռեր» խմբի տղաներին: Վստա՛հ եղեք, նրանք ևս քինախնդիր չեն:

Բորիս Մուրազի

Դիտվել է 1,056 անգամ
 


Այս թեմայով