Սերժ Սարգսյանի աշխատավարձը բարձրցվել է

serjԵրեկ պաշտոնական այցով Ավստրիայի Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպում է ունեցել Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի հետ: Նա քաղաքապետարանում ողջույնի խոսք է հղել. «Հարգելի՛ պարոն քաղաքապետ… Ուրախ եմ, որ կրկին առիթ ունեմ հյուրընկալվելու հրաշագեղ Վիեննայում, որն արդարացիորեն համարվում է եվրոպական քաղաքակրթության զարկերակ… Այսօր հնարավորություն ունեմ նաեւ այստեղ վայելելու Ձեր մայրաքաղաքի հարուստ պատմության վկան հանդիսացող գոթական ոճի այս կառույցի անկրկնելի ճարտարապետությունը»: Հաղորդագրությունից պարզվեց, որ Սարգսյանը Վիեննայում մասնակցել է «Հայաստան» բազմագործառույթ կենտրոնի բացմանը: Հիրավի կարեւորագույն իրադարձություն է սա: Այնքան կարեւոր, որ, օրինակ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չէր կարող միայնակ «գլուխ բերել», դրա համար Սերժ Սարգսյանը մի կողմ թողնելով մեր երկրին պատուհասած լրջագույն պրոբլեմները, անձամբ է Վիեննա մեկնել: Եվ ոչինչ, որ 32,5 տոկոս աղքատություն ունեցող Հայաստանում բարձրանում է էլեկտրաէներգիայի սակագինը՝ 3.85 դրամով, ամենօրյա գնաճն ու կյանքի դժվարությունները ստիպում են ՀՀ քաղաքացիներին արտագաղթել երկրից, 5 տոկոս պարտադիր վճարների դեմ փողոց են դուրս գալիս մարդիկ՝ պահպանելու իրենց հասանելիք աշխատավարձը… Գլխավորն այն է, որ Սերժ Սարգսյանի աշխատավարձը հուլիսի 1-ից բարձրանալու է 203%-ով` 436 հազարից դառնալով 1,223 մլն դրամ: Վարչապետի աշխատավարձն էլ՝ 218%, այսինքն` 335 հազարից մինչեւ 1,190 մլն դրամ կդառնա: Նախարարներն էլ կստանան 600 հազար դրամ:

Ահա թե ինչպիսի ապահով Հայաստան էր խոստանում Սերժ Սարգսյանը:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

 


Այս թեմայով