Սերժ Սարգսյանին չեն հրավիրել ԲՀԿ համագումարին

բհկՀետաքրքիր զուգադիպությամբ, շաբաթ օրը եւ ԵԿՄ-ն է համագումար հրավիրել, եւ ԲՀԿ-ն:

Ավելին` խոսակցություն կար, որ ԲՀԿ համագումարը լինելու էր ժամը 12-ին, սակայն տեղափոխվել է ԵԿՄ-ի ժամին` 11-ին: ԲՀԿ նախորդ համագումարը, որը հրավիրվել էր Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, ինչպես կասեր «Մուլտի գրուպի» կառավարիչ Սեդրակ Առուստամյանը, «գրանդիոզ» միջոցառում էր: «ՍՈւ-35»-եր էին «թռչում»՝ ցուցանելու համար ԲՀԿ հզորությունը, Վարդան Օսկանյանն էլ մի այնպիսի ընդդիմադիր ելույթ ունեցավ, որ վերեւում նստած Սերժ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանը ստիպված եղավ բացատրություն տալ, որ «երեկ էդ ելույթը կարդացել եմ, ըտենց բան չկար գրած»: Այս անգամ ԲՀԿ-ն «տնեցիներով», համեստ հավաքվելու է «կանյաչնիում». որեւէ մեկին հրավերք չի ուղարկել, որովհետեւ «որեւէ մեկը» հասկացրել է, որ չի գալու, այլ գնալու է ԵԿՄ համագումար: Չնայած շատերն ասում են` ԲՀԿ-ի «լուռն» ավելի վտանգավոր է, քան «աղմուկը»: Ինչ վերաբերում է ԵԿՄ համագումարին, այն անցկացվելու է ՄՀՀ փոքր դահլիճում, ինչպես ասացինք, հրավիրված են Սերժ Սարգսյանը, ԼՂ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարները, ՀՀԿ-ական վերնախավը: Չի հրավիրված միայն ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը՝ Մանվել Գրիգորյանի եղբորորդին, որի հետ վաղեմի հակասություններ ունեն: Ի դեպ, ասում են` ԵԿՄ համագումարում այլ հետաքրքիր դեմքեր էլ են լինելու:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

 


Այս թեմայով