Սերժ Սարգսյանը ռեկորդ է սահմանել

Մարտի 7-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք կին գործիչների պարգևատրեց Մովսես Խորենացի մեդալով: Պարգևատրվողների թվում էր նաև սերիալների սցենարիստ Դիանա Գրիգորյանը:

Այս հանգամանքը շատերի քննադատության առարկան դարձավ: Քաղաքացիները դժգոհում էին, որ հեղինակավոր մեդալ են տալիս մի մարդու, որն իր վատորակ աշխատանքով դեգրադացնում է հասարակությանը:

Հիշեցնենք, որ Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հասարակագիտական գիտությունների և սպորտի բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար:

Ու այս համատեքստում դժվար է պատկերացնել Դիանա Գրիգորյանի ակնառու նվաճումը մշակույթի բնագավառում: Սակայն պետք է զարմանալի չլինի նման գործչի պարգևատրումը ռաբիս երգիչ Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում շնորհելուց հետո:

Պետք է նկատել, որ ՀՀ երեք նախագահներից ամենաշատը հենց Սերժ Սարգսյանն է շնորհել Խորենացի մեդալ ամենատարբեր գործիչների: Մովսես Խորենացի մեդալի հիմնադրման պահից առ այսօր այս մեդալով պարգևատրվել են մոտ 900 գործիչներ և ուշադրություն, այս մեդալներից 600-ը շնորհել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Նա այս ցուցանիշով կրկնակի առաջ է, քան նախորդ երկու նախագահները միասին:

 


Այս թեմայով