Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել

Սերժ ՍարգսյանՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2016թ. ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին։

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածները` որոշում եմ.

1. 2016 թվականի մայիս-հուլիս ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2016 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2016 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

2. Ապահովել այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպումը և իրականացումը:

3. 2016 թվականի մայիս-հուլիս ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայություն անցած զինծառայողներին:

4. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Դիտվել է 640 անգամ
 


Այս թեմայով