Սերժ Սարգսյանը հեքիաթ է պատմում

serj«Նաիրիտ» գործարանում զայրույթով են ընդունել ԵԿՄ համագումարում ՀՀ նախագահի արած արտահայտությունը, թե «որոշ սադրիչներ» մոլորության մեջ են գցում «Նաիրիտի» աշխատողներին:

Իսկ նրա խոստումը, որ այս տարի սկսվելու է նոր «Նաիրիտի» կառուցումը, եւ հնարավոր է նաեւ հին «Նաիրիտի» գործարկումը, գործարանում որակում են որպես հերթական հեքիաթ: «4 տարի է, ինչ մեզ ասել են՝ պիտի նստեք տանը: Ամեն երկու ամիսը մեկ ասել են` երեք ամսից գործարկվելու է գործարանը: Այս ձեւով պատրաստվում են եւս մի 4 տարի ձգելու»,- ասաց աշխատակիցներից մեկը, ում զանգահարեցինք կոլեկտիվում տիրող տրամադրություններին տեղեկանալու համար: «Նոր «Նաիրիտ» ասելով, նա նկատի ունի ռուսներին: Ուզում են իրենց պարտքերը գցեն ռուսների վրա, բայց նրանք էլ չեն ուզում: Եթե նույնիսկ ինչ-որ բան գործի, դա կապ չի ունենա այսօրվա արտադրության եւ ներկայիս տեխնոլոգիայի հետ»,- ասաց մյուսը, ով նաիրիտցիների բողոքի ակցիաների ակտիվ մասնակից է: «Նաիրիտի» աշխատակիցները վստահեցնում են, որ իրականում չկա որեւէ պայմանագիր նոր «Նաիրիտի» հիմնադրման վերաբերյալ, ինչպես պնդում է նախագահ Սերժ Սարգսյանը, այլ խոսքն ընդամենը մտադրությունների հուշագրի մասին է, որն ստորագրվել է ռուսական կողմի հետ եւ որեւէ պատասխանատվություն չի ենթադրում: Երեկ «Նաիրիտի» տարածք ինչ-որ ռուսների են բերել մեքենաներով, որոնք Երեւանում գտնվող Մոսկվայի առեւտրաարդյունաբերական պալատի պատվիրակության անդամներից էին: Սակայն հյուրերը չեն էլ իջել մեքենաներից, այլ ուղղակի պտտվել են եւ դուրս եկել: Գործարանի կոլեկտիվում համոզված են, որ սա բլեֆ է եւ արվում է իրենց աչքին թոզ փչելու համար, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե «Ռոսնեֆտից» մարդիկ էին եկել գործարանը նայելու: Նաիրիտցիներն այնքան հուսալքված են, որ ռուսների մուտքը, նրանց գործնական ծրագրերն իտալական «Պիրելլի» ընկերության հետ, այստեղ ավտոդողերի արտադրություն հիմնելու հեռանկարը նրանց այլեւս չի ոգեւորում: Կոլեկտիվին երկու հարց է հուզում միայն՝ աշխատավարձը, որը չկա, եւ թե երբ է գործարկվելու «Նաիրիտը»:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

Դիտվել է 57 անգամ
 


Այս թեմայով