Սերժ Սարգսյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինին

putin-sargsyan-photo-reutersՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը լավ հիմք կդնի ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու համար։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Ղարաբաղի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի Է բոլորին: Մենք ցանկանում ենք, որ այդ հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ և Մինսկի խմբի համանախագահ երկրներին այն ըմբռնման և ջանքերի համար, որ դուք դրսևորում եք այդ հարցում»,-ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` հակամարտությունների համապարփակ լուծման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի ցանկությունը: «Եվ մենք ուրախ կլինեինք, եթե այսօր կարողանայինք առաջ շարժվել այն պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ, որոնք մենք ձեռք ենք բերել, այսինքն՝ ստեղծենք հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմներ: Եվ դա աշխատանքային տրամադրություն կստեղծի բանակցություններ վարելու համար»,-հավելել Է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Պուտինն իր հերթին համաձայնել է քննարկել այս բոլոր հարցերը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ՀՀ Նախագահը ասել էր, որ Սանկտ Պետերբուրգում եռակողմ հանդիպումից ակնկալում է Ադրբեջանի կողմից պարտավորությունների կատարման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերում, սահմաններում խախտումների բացառում:

«Վերջին մի քանի տարիները ցույց են տվել, որ բանակցային պրոցեսը շատ թե քիչ արդյունավետ կարող է լինել, եթե կողմերը կատարում են իրենց պարտավորությունները։ Այսինքն, իրենց գործողությունները համահունչ են դարձնում 1994 և 1995թթ. կնքված հրադադարի համաձայնագրի դրույթներին։ Վիեննայում մայիսի 16-ին համանախագահների հայտարարությունը ևս այդ մասին է խոսում։ Ակնկալում եմ, որ Սանկտ Պետերբուրգում մենք ի վերջո կպայմանավորվենք և Ադրբեջանը կկատարի իր պարտավորությունները, սահմաններում խախտումներ չեն լինի, և մենք կշարունակենք բանակցային պրոցեսը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման լավ նպատակով»,- ասել էրՀՀ Նախագահը:

Դիտվել է 213 անգամ
 


Այս թեմայով