Սերժ Սարգսյանը կառավարությանն է ներկայացրել նոր վարչապետին

231897111397467839Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարության անդամներին և կառավարության նիստին հրավիրվող պաշտոնյաներին ներկայացրել է ՀՀ նորանշանակ վարչապետին: «Ինչպես գիտեք, երեկ ես ՀՀ վարչապետ եմ նշանակել Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին՝ Հովիկ Աբրահամյանին՝ Ազգային ժողովի նախագահին ու նաև ՀՀԿ նախագահի տեղակալին: Երեկ մամուլը մեր հանրությանը հանգամանորեն ներկայացրեց բոլոր գործընթացներն ու նաև այն խնդիրները, որ վարչապետը և նոր կառավարությունը պետք է լուծեն: Վարչապետի նշանակումից հետո կառավարությունը շարունակում է կատարել իր աշխատանքները, և կառավարության անդամներին խնդրում եմ, որպեսզի բարեխղճորեն և պարտաճանաչ կերպով կատարեն իրենց պարտականությունները: Մենք քսան օրվա ընթացքում վարչապետի հետ միասին ձևավորելու ենք նոր կառավարություն: Այն ժամանակ կառավարության խնդիրների մասին հանգամանորեն կխոսենք: Ինձ մնում է մեկ անգամ ևս շնորհավորել պարոն Աբրահամյանին և ցանկանալ նրան հաջողություն: Շնորհավորում եմ»,-ՀՀ կառավարությունում ներկայացնելով վարչապետին՝ ասել է Հանրապետության Նախագահը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին վստահության համար և խնդրել գործող կառավարության անդամներին մինչ նոր կառավարության ձևավորումը եռանդով շարունակել իրենց աշխատանքը. «Պարո՛ն Նախագահ, կցանկանայի իմ գործընկերներին ասել, որ մենք որևէ կողմնորոշում որևէ թեկնածուի վերաբերյալ չունենք, և ես պետք է խնդրեմ բոլոր իմ գործընկերներին ավելի մեծ եռանդով շարունակել իրենց պարտականությունների կատարումը: Սահմանադրության սահմանած ժամկետում, պարո՛ն Նախագահ, Ձեզ հետ համաձայնեցնելով, կներկայացնենք նոր կառավարության կազմը: Եվ մոտեցումը կլինի կառավարության անդամների այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի արդյունքն ու նաև այն, թե որքանով ապագայում ի վիճակի կլինեն իրականացնել նոր ծրագրեր: Շնորհակալ եմ»,-ասել է նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 


Այս թեմայով