Սերժ Սարգսյանը կանգնեցրել է իր թիմակիցներին. Կարեն Կարապետյանին ժամանակ է ավելացվել

Այն որ իշխանությունների ներսում լարված իրավիճակ է, երեկ հաստատելու եկավ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը: Երեկ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու որևէ պատճառ չունի:

Խոսելով այն լուրերի մասին, ըստ որոնց ինքը և Կարեն Կարապետյանը խնդիրներ ունեն Սերժ Սարգսյանն ասել է.«Իսկ պարբերաբար հրապարակվող լուրերը իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին, մտացածին են: Մենք թե՛ կուսակցության, թե՛ իշխանության մակարդակով շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմականացման հեղինակները, ինչպիսին են նրանց ցանկությունները, բայց կարծում եմ, որ դա իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող»:

Սա հետարքիր իրադարձություն է: Դժվար է հիշել դեպք, երբ Սերժ Սարգսյանը մամուլի հրապարակումներին նման արագությամբ արձագանքի: Այս արձագանքը խոսում է շատ կարևոր հանգամանքների մասին: Սերժ Սարգսյանի նման պատասխանը՝ մեզ թույլ է տալիս եզրակացնելու, որ մամուլի այդ հրապարակումները իրականում հիմք ունեցել են: Նախագահը հերքել է լուրերը, որպեսզի իշխանության ներսում սկսված պրոցեսը կանգնեցվի: Այս կերպ նա հասկացրել է իր կուսակիցներին, որ դեռ վաղ է Կարեն Կարապետյանին թուլացնելը:

Սերժ Սարգսյանը հասկանում է, որ եթե իր պլանավորած ժամանակից շուտ սկսի Կարեն Կարապետյանին թուլացնելու պրոցեսը, ապա իր ծրագրերը կարող են խափանվել: Կարեն Կարապետյանը իրեն դեռ պետք է մինչև 2018 թվականը: Կարապետյանը խոստացել է ռադիկալ փոփոխություններ, որոնք միանշանակ իր մոտ չի ստացվի: 2018 թվականին Կարապետյանի կառավարության հետ կկապեն երկրի բոլոր դժբախտությունները և  նրան կհեռացնեն կառավարության ղեկից: Հանրությանը կառաջարկեն մարդու, որը կարող է երկիրը հանել այդ դժվարին իրավիճակից և այդ անձը կլինի հենց նախագահ Սերժ Սարգսյանը:

 


Այս թեմայով