Սերժ Սարգսյանը լռել է

serjԵրեկ Սերժ Սարգսյանը չափազանց զբաղված էր: Նա նախ մասնակցել է մի հիվանդանոցի, ապա «Երեւան Մոլ»-ի բացման արարողություններին: Օգտվելով առիթից` մեր թղթակիցը «Երեւան Մոլ»-ի բացման արարողության ժամանակ հարց է ուղղել Սերժ Սարգսյանին` փորձելով մեկնաբանություններ ստանալ նրանից Մայդանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: «Պարոն Սարգսյան, հետեւո՞ւմ եք Ուկրաինայի իրադարձություններին»,- հարցրել է թղթակիցը: Հարցին ի պատասխան, Սերժ Սարգսյանը միայն մի հայացք է նետել եւ լուռ հեռացել: Նա ասելիք չունի: Նա չի կարող մեկնաբանել Կիեւի կենտրոնում մեր տարածաշրջանի եւ Հայաստանի համար ճակատագրական այդ իրադարձությունները: Եւ դա ավելի քան հասկանալի է: Նա չի կարող պաշտպանել Յանուկովիչի ռեժիմին: Դրանով ավելորդ անգամ իր վրա կսեւեռի արեւմուտքի ուշադրությունը` բառիս ամենաբացասական իմաստով: Բնականաբար, չի կարող պաշտպանել նաեւ ուկրաինական ընդդիմությանը: Այդ դեպքում նրա վրա ավելի քան կսեւեռվի Պուտինի ուշադրությունը, ինչը Ս. Սարգսյանի համար, մեղմ ասած, անցանկալի է: Որքան էլ տարօրինակ հնչի, նա չի կարող նաեւ հանպատրաստից լղոզված հայտարարություններով հանդես գալ եւ «հակամարտող կողմերին արյունահեղությունը կանխելու» կոչեր անել: Նա իշխանության է եկել 2008 թ. մարտիմեկյան հենց այդպիսի արյունահեղության շնորհիվ: Այնպես որ, Սերժ Սարգսյանի համար ամենահեռանկարայինը լռելն ու տեսախցիկների առաջ տարբեր օբյեկտների բացման արարողություններին մասնակցելն է, ինչն էլ նա անում է: Համ էլ՝ նմանատիպ միջոցառումներից անտեղյակ մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե Սերժ Սարգսյանը մի կերպ է հասցնում մեր տնտեսության զարգացման թռիչքների դրսեւորումների հետեւից:

Գրում է <<Հայկական Ժամանակ>> օրաթերթը

Դիտվել է 198 անգամ
 


Այս թեմայով