Home » ՊԱՇՏՈՆԱԿԱՆ » Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարել (ֆոտո)

Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարել (ֆոտո)

14390Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ նախագահ, ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստում հանգամանորեն քննարկվել եւ ամփոփվել են ս.թ. սեպտեմբերի 3-ից 6-ը համապետական մասշտաբով անցկացված «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունքները՝ զորավարժության սցենարով նախատեսված հիմնական նպատակներին հասնելու ուղղությամբ կատարված աշխատանքները, արձանագրված ձեռքբերումներն ու նկատված բացթողումները, բոլոր գերատեսչությունների ներգրավմամբ պետական կառավարման համակարգի՝ որպես մեկ միասնական մարմնի, գործողությունների համակարգվածությունն ու գործունեության արդյունավետության աստիճանը:

Զորավարժության շտաբի պետի եւ տեղակալների զեկույցներից հետո քննարկվել եւ ամփոփվել են կատարված աշխատանքները, ՀՀ նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: Մինչ այդ, նիստի սկզբում նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ներածական խոսքով.

«Այս տարվա սեպտեմբերի 3-6-ը կայացած հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացման տրամաբանությունը շատ պարզ է, եւ դա հանդիսանում է շարունակությունն այն աշխատանքի, որը վերջին տարիներին մեր երկրում իրականացնում են մեր պետական կառավարման մարմինները՝ հակառակորդի հնարավոր ագրեսիային կազմակերպված դիմագրավելու ուղղությամբ: Մենք նման զորավարժություններ քիչ ծավալի ենք անցկացրել՝ 2008 եւ 2013 թվականներին, բայց այս անգամ զորավարժություններն անցկացվեցին ողջ ծավալով եւ, անշուշտ, աննախադեպ էին: Դուք նաեւ տեղյակ եք, որ գոյություն ունի կարգադրություն, համաձայն որի, սահմանված է տարբեր տիպի զորավարժությունների անցկացման պարբերականություն, եւ մենք բոլորս պարտավոր ենք այդ պարբերականությունը պահպանել: Յուրաքանչյուր զորավարժություն առնվազն երեք նպատակ է հետապնդում՝ ստուգել, կատարելագործել եւ փորձ ձեռք բերել: Յուրաքանչյուր զորավարժություն, անշուշտ, ունի նաեւ հատուկ նպատակներ, եւ գոնե նախնական եզրակացություններով՝ «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունն անցել է կազմակերպված ու հասել է իր նպատակներին»:

14383 14384

Դիտվել է 79 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy