Սերժ Սարգսյանը՝ կենսաթոշակային բարեփոխումների մասին

231788001392456679Պետությունն այսօր նախաձեռնել ու իրականացնում է մեր երկրի ու հասարակության համար կենսական մի շարք կարևորագույն բարեփոխումներ: Դրանք կոչված են էականորեն կրճատելու մեզ բաժին ընկած ռազմավարական անորոշությունները: Այս մասին այսօր հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը՝ Երկրապահ կամավորական միության 10-րդ հոբելյանական համագումարին:

Նա նշեց, որ կենսաթոշակային համակարգի բարեփոխումներն այս առումով կարևորագույն նշանակություն ունեն:

«Դրանք ուղղված են հենց նոր սերնդի բարեկեցությանը: Եվ հավատացեք, հենց նման բարեփոխումներն են կոչված սեփական երկրին ամուր կապելու մարդուն: Հենց նման բարեփոխումներով է միահյուսվում հայաստանցու ապագան իր հողին:

Սակայն այս բարեփոխումների իրականացումը պահանջում է հավատ՝ երկրի վաղվա օրվա հանդեպ, պետության նկատմամբ վստահության պաշար և ապագան այստեղ` հայրենակիցների կողքին կառուցելու հաստատակամություն»,- ասաց նախագահը:

Ըստ երկրի ղեկավարի, երիտասարդ սերնդի հավատի, վստահության ու հաստատակամության պաշարը հարստացնելու գործում իրենց սերնդի դերն անգնահատելի է:

«Սերունդների համերաշխությամբ ու փոխգործակցությամբ է հնարավոր միայն իրականացնել երկրի համար ճակատագրական այս բարեփոխումները: Միայն այս կերպ է հնարավոր հաղթահարել մեզ լավ ծանոթ մարտահրավերները, հաղթել մեր կողքին, մեզ հետ, երբեմն մեր մտքում ու հոգում ծվարած թշնամուն»,- նշեց Սերժ Սարգսյանը:

 


Այս թեմայով