Սերժ Թանկյանը տեսաուղերձ է հղել

Ամերիկահայ հայտնի երաժիշտ, աշխարհահռչակ System Of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը տեսաուղերձ է տարածել, որում ափսոսանքով նշում է, թե որոշ պատճառներով չի կարող ժամանել Երևան:

«Ես շատ կուզեի ձեզ միանալ Երևանում կամ այլ քաղաքներում, քանզի սիրտս և միտքս ամբողջովին ձեզ հետն է։ Մինչև հիմա չեմ կարողացած այլ պատճառներով, բայց կհուսամ մոտ ատենից կարողանամ։ Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի պատմության մեջ մինչ օրս ամենահաջող քաղաքացիական անհնազանդության քարոզարշավի համար»,- իր ուղերձում նշում է Թանկյանն ու շարունակում․

«Այս շարժումը իսկական է և այն լիովին ձերն է և պետք է մնա այդպիսին, զերծ իրենց շահը հետապնդող կասկածելի ուժերից։ Պետք է իմանաք, որ Սփյուռքում բոլորը ձեզ աջակցում են, նույնիսկ նրանք, ովքեր լինելով տարբեր կազմակերպություններում, որոշ պատճառներով դեմ են ձեր ջանքերին, բայց ներքուստ նրանք նույնպես ձեզ աջակցում են։ Մենք ապշած ենք ձեր առաքինությամբ, խաղաղասիրությամբ և հանդուրժողականությամբ»։

«Սա յուրահատուկ բան է Հայաստանի համար, սա նոր մշակութային հեղափոխություն է, և դա է այսօր իսկական հեղափոխությունը Հայաստանում: Դուք փոխել եք ձեր մշակույթը, և դրա շնորհիվ արդեն հաղթել եք»,- նաև ասում է ամերիկահայ երաժիշտն ու մի քանի խորհուրդ տալիս:

«Առաջին՝ հեռու մնալ «գունավոր հեղափոխության» տերմինաբանությունից, քանզի այն ընդհանրացվում է Արևելք-Արևմուտք առճակատման հետ։ Մեր պայքարը Արևելքին կամ Արևմուտքին կողմ կամ դեմ լինելը չէ, այն արդարության և առաջադիմական փոփոխության համար է: Մենք չենք ուզում որևէ կայսրության վասալ պետությունը լինել, մեզ պետք են լավ հարաբերություններ բոլորի հետ:

Երկրորդ՝ ձեր պահանջները կոնկրետացրեք: Առաջարկում եմ պահանջել, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն հրաժարական տա վարչապետի պաշտոնից, այլ նաև հրաժարվի իր կուսակցության առաջնորդը լինելուց: Այնուհետև ես կպահանջեի բարեփոխումների փաթեթ, որը կզբաղվեր այն բոլոր անարդարություններով, որոնք մեզ հայտնի են:

Երրորդ՝ շարունակեք ձեր խաղաղ դիմադրությունը, խուսափեք սադրիչների թակարդներից, նրանք կստանան իրենց անարդարությունը, երբ նրանց ղեկավարները մի օր կազատվեն աշխատանքից, և նրանք ստիպված կլինեն գալ ձեզ մոտ՝ աշխատանք խնդրելու համար: Շարունակեք լինել ճկուն, արդար, անկեղծ և սիրող, շարունակեք ոստիկանության հետ վարվել եղբայրների և քույրերի պես, քանի որ նրանք այդպիսին են իրականում»,- իր ուղերձում, մասնավորապես, ասում է Սերժ Թանկյանը:

 


Այս թեմայով